Հոկտեմբերի 7-8-ը Վրաստանում չորրորդ անգամ կանցկացվի ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նիստը` նոր նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերի նախագահությամբ: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։
Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրագույն ռազմական մարմնի պաշտոնական այցը Վրաստան վերահաստատում է ՆԱՏՕ-ի հաստատուն աջակցությունը երկրի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ձգտումներին:
Վրաստանի մասնակցությամբ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի լիագումար նիստում Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր ռազմական մարմնի ներկայացուցիչները մանրամասն կծանոթանան տարածաշրջանի անվտանգությանը և երկրի առջև ծառացած մարտահրավերներին: Համատեղ նիստում կքննարկվեն պաշտպանության ուժերի փոխակերպման գործընթացը, ՆԱՏՕ-Վրաստան ռազմական համագործակցության նշանակությունը և ապագա առաջնահերթությունները, ներառյալ Սև ծովի անվտանգության ամրապնդման քաղաքականությունը:
Նախատեսված են ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի բարձր մակարդակի երկկողմ հանդիպումները Վրաստանի վարչապետի և պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որտեղ կքննարկվեն ոլորտի ընթացիկ բարեփոխումները և ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության հեռանկարները:
Կոմիտեի ներկայացուցիչները կայցելեն նաև ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական կենտրոն (JTEC)՝ ծանոթանալու դաշինքի կողմից իրականացված պաշտպանական ուժերի վերապատրաստման կարողություններին, նոր ենթակառուցվածքներին և համակարգերին:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել Վրաստանի ջրային տարածք մուտք գործած ՆԱՏՕ-ի ականազերծման խմբի հինգ նավերի մասին։