Վրաստանում ավարտվել է Ադրբեջանի, Թուրքիայի ու Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը: Տարածաշրջանում անվտանգություն, պաշտպանական համագործակցության ուղղություններ և ապագա ծրագրեր. սրանք էին եռակողմ հանդիպման հիմնական թեմաները: Հանդիպումը տեղի է ունեցել Կախեթիում, Ծինանդալիում:
Ըստ Վրաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հայտարարել է, որ պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության ձևաչափն արդյունավետ է և ծառայում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը:
«Ադրբեջան-Թուրքիա-Վրաստան ռազմավարական գործընկերությունը, վստահության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները մեծ նշանակություն ունեն տարածաշրջանի անվտանգության, մեր ժողովուրդների բարեկեցության և մեր պաշտպանական ուժերի զարգացման համար», — ասել է Վրաստանի պաշտպանության նախարարը:
Նախարարն ընդգծել է տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներն ու հիշեցնելով Իրակլի Ղարիբաշվիլիի՝ ՄԱԿ -ի 76 -րդ նստաշրջանում հնչեցրած խաղաղ նախաձեռնությունը՝ նշել, որ գոյություն ունեցող հակամարտությունների՝ խաղաղ ճանապարհով լուծմանն այլընտրանք չկա:
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները շնորհակալություն են հայտնել վրացի գործընկերոջը արդյունավետ ու բարձր մակարդակով կազմակերպված հանդիպումների համար:
«Մենք քննարկեցինք պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև այլ ոլորտներում համագործակցության ներկա և ապագա ծրագրերը: Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի տեսանկյունից մենք քննարկեցինք, թե ինչ կարող ենք անել տարածաշրջանի բարգավաճման և կայունության համար», — ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր հերթին նշել է. «Այսօրվա հանդիպումները մեր երկրների ռազմավարական համագործակցության օրինակ են: Եռակողմ հանդիպումների ընթացքում կարևորվեցին եղբայրական և բարեկամ ժողովուրդների հարաբերությունների զարգացման և եռակողմ ձևաչափի ընդունման քայլերը: Մենք քննարկեցինք ապագա հեռանկարներն ու խոսեցինք համագործակցության տարբեր ոլորտների մասին»:
Նախարարական հանդիպումների ավարտին բոլոր երեք երկրների պաշտպանության նախարարները ստորագրեցին համագործակցության եռակողմ փաստաթուղթ: