«Իրազեկ քաղաքացիների միավորում» (UIC) հասարակական կազմակերպությունը 2021 թվականի հոկտեմբերի 2-ին Վրաստանի անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին երկու շրջիկ խմբերով դիտորդական առաքելություն է իրականացրել:
ՀԿ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ առաքելության նպատակն էր ուսումնասիրել քվեարկության օրվա ընթացքում Հայաստանում և Վրաստանում ընտրական օրենսդրության ու դրա իմպլեմենտացիայի տարբերությունները, ինչպես նաև դիտարկել Թբիլիսիի մի ընտրատարածքում փորձարկվող՝ քվեաթերթիկների էլեկտրոնային հաշվարկի սարքերի պիլոտային ծրագիրը:
Առաքելությունը չի դիտարկել նախընտրական քարոզարշավը, մեդիա և քաղաքական միջավայրը և նպատակ չի հետապնդել պարզելու ընտրական օրենսդրության խախտումների պատկերը:
Քվեարկության օրվա ընթացքում շրջիկ խմբերը այցելել են Մցխեթա-Մթիանեթիի, Կախեթիի և Քվեմո-Քարթլիի շրջանների, ինչպես նաև մայրաքաղաք Թբիլիսիի 25 ընտրական տեղամասեր և մեկ տարածքային ընտրական հանձնաժողով: Դիտարկման ընթացքում նկատվել են հիշատակման արժանի և Հայաստանում ընտրական օրենսդրության ու դրա իմպլեմենտացիայից տարբերվող հետևյալ փաստերը.
Էլեկտրոնային հաշվարկի սարքերի (քվեաթերթիկների սքաներների) պիլոտային փորձարկում
Եղել են տեղամասեր, որտեղ էլեկտրոնային հաշվարկի սարքերը դուրս են եկել շարքից և քվեարկության արդյունքների հաշվարկը կատարվել է միայն հին ձևով (ձեռքով): Էլեկտրոնային հաշվարկի պիլոտային սարքերի շուրջ 10 տոկոսը (32 տեղամասերից 3-ում) քվեարկության ընթացքում չի աշխատել և անջատվել է:
Էլեկտրոնային հաշվարկի սարքերը հաճախ չէին ընթերցում քվեաթերթիկը և այն ետ էին տալիս: Ընտրողից պահանջվում է ճիշտ նշանը դնել զգուշորեն, որպեսզի քվեաթերթիկն ընթերցվի: Չնչին շեղումը բերում է սարքի կողմից քվեաթերթիկի չճանաչման:
Կահավորում
Քվեախցիկները տարբեր էին: Թբիլիսիում քվեախցիկները առջևի պատ, գործնականում, չունեին: Երբեմն քվեախցիկները չափազանց մոտիկ էին իրար: Դիտորդները և հանձնաժողովների անդամները հաճախ ընդհուպ կես մետր հեռավորության վրա էին գտնվում քվեատուփերից, երբեմն քվեատուփերի հետևում բաց պատուհաններ էին լինում, բայց այդ ամենը նորմալ էր դիտվում գործընթացի դերակատարների կողմից:
Տեսախցիկով նկարահանվում էր միայն ամփոփման նիստը և չէր հեռարձակվում: Տեսագրությունները արխիվացվում են ԿԸՀ-ում:
Աշխատանքի ընթացքում չի նկատվել գեթ մեկ տեղամաս, որը հարմարեցված կլիներ անվասայլակով մուտք գործելու համար: Այդուհանդերձ, գործում էր շրջիկ քվեարկություն, որի սահմաններում հանձնաժողովի անդամներն են այցելում այն ընտրողներին, որոնք չեն կարող գալ տեղամաս:
Ընտրական հանձնաժողովներ
Հանձնաժողովներն ունեին 17 անդամ, որոնցից 9-ը նշանակված էին խորհրդարանական կուսակցություններից, իսկ 8-ը վերադաս ընտրական հանձնաժողովի կողմից: Այդ թիվը (17-ը) էապես ավել էր տեղամասում առկա գործառույթներից, և հանձնաժողովի շատ անդամներ մատնված էին պարապուրդի:
Ընտրողներին ցուցակում գրանցելն ու քվեաթերթիկ տալն անում էր միևնույն հանձնաժողովի անդամը: Սովորաբար, այդպիսիք 5-ն են: Կուսակցություններից նշանակված հանձնաժողովի անդամներն այդ գործառույթին չէին կարող ներգրավվել:
Ընտրությունների արդյունքների ամփոփման համար վիճակահանությամբ ընտրվում էր հանձնաժողովի 5 անդամ, որոնք հաշվարկում էին թե՜ ցուցակներում ստորագրությունների քանակը և թե՜ քվեաթերթիկները: Հանձնաժողովի մյուս (մինչև 12) անդամներն այդ ընթացքում անելիք չունեին:
Ընտրական հանձնաժողովների նախագահներն ընտրվում էին հանձնաժողովի կողմից և, որպես կանոն, փաստացի առաջնորդում էին հանձնաժողովը:
Իրավապահ մարմիններ
Տեղամասի շրջակայքի կուտակումները հսկող իրավապահներ, գործնականում, չկային: Երբեմն ոստիկաններն այդ գործառույթն անում էին, իսկ երբեմն՝ ոչ: Տեղամասային կենտրոնի տարածքում ոստիկաններ ընդհանրապես չեն նկատվել:
Ընտրողները լավ իրազեկված էին ընտրակարգից: Թեև զուգահեռ 3 քվեարկություն էր, բայց որևէ ընտրող չի նկատվել, որ շփոթվի կամ չիմանա, թե որ քվեաթերթիկն ինչի համար է: Ընտրական հանձնաժողովները պնդում էին, որ որևէ ընտրող չի խնդրել պարզաբանել քվեարկության կարգը:
Բազմաթիվ էին ահազանգերն այն մասին, որ վարչական ռեսուրսի չարաշահումը համակարգվում է ՆԳՆ-ի ու դրա կազմում գործող անվտանգության ծառայության կողմից:
Հակահամաճարակային միջոցներ
Ընտրական տեղամասերում չի նկատվել պաշտպանիչ դիմակ չկրող անձ: Քաղաքացիների կողմից հակահամաճարակային կանոններին հետևելը գիտակցված էր, հանձնաժողովի կողմից պարտադրողական չէր։ Տեղամաս մտնող անխտիր բոլորը ջերմաչափվում էին:
Բոլորին տրվում էին մեկանգամյա օգտագործման գրիչներ: Նույնիսկ դիտորդներին, որոնք գրանցվելու համար ստորագրում էին մատյանում, տրվում էր մեկանգամյա օգտագործման գրիչ: