Այսօրվանից Վրաստանում ուսումնական գործընթացը վերսկսվել է դասարաններում և լսարաններում: Աշխատանքը վերսկսել են նաև նախադպրոցական հաստատություններն ու մանկապարտեզները:
Առաջին դասարանցիներին ուսումնական տարվա մեկնարկի, իսկ ուսանողներին, ուսուցիչներին, դասախոսներին և ողջ ակադեմիական համայնքին՝ դասասենյակներում և լսարաններում ուսումը շարունակելու կապակցությամբ շնորհավորել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին:
Ըստ կրթության նախարարության, Վրաստանի բոլոր պետական և մասնավոր դպրոցները պատրաստ են վերադառնալ առկա ուսուցմանը:
Առողջապահության նախարարության մշակած բոլոր առաջարկություններին դպրոցներում խստորեն հետևելու են, ինչը կապահովի վիրուսի կանխարգելումը և որակյալ կրթության հասանելիությունը:
Վրաստանի ամբողջ տարածքում պետական և մասնավոր դպրոցները, մասնագիտական ուսումնարաններն ու բարձրագույն ուսումնական հաստատությունները ուսուցումը սկսել էին սեպտեմբերի 15-ից՝ հեռավար մեթոդով։