«2018 թվականին Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» այսպիսին է «Հայաստան 2018» բիզնեսինովացիոն ֆորումի կարգախոսն ու հիմնական նպատակը:
Ամենամյա ֆորումը Դիլիջանում կազմակերպվել էր «UNIT» տեղեկատվական տեխնալոգիաների ձեռնարկությունների միության նախաձեռնությամբ, Եվրամիության ֆինանսավորմամբ և Միջազգային համագործակցության գերմանական ընկերակցության՝ GIZ-ի աջակցությամբ:
Հավաքի մասնակցում էին հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր ընկերությունների ներկաձացուցիչներ, Հայաստանյան և արտասահմանյան փորձագետներ, ինչպես նաև պետական մարմինների ներկայացուցիչներ, ովքեր ներկայացնում էին իրենց կազմակերպությունները, գաղափարներն ու տեսակետները տարբեր հարցերի շուրջ:
Նախապես ծրագրված էր, որ ֆորումին բացման և ողջույնի խոսքով պետք է հանդես գա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, սակայն կառավարության նիստի օրվա տեղափոխման պատճառով վարչապետը միջոցառմանը ներկա չգտնվեց, նրա ողջույնի խոսքը ներկայացրեց ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը:
«Հայաստանում ինովացիոն տնտեսության զարգացման տեսանկյունից մեծապես կարևորվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի հետագա զարգացումը: Վստահ եմ, որ համաժողովի անցկացումն ու արդյունքները կնպաստեն Հայաստանում ինովացիոն տնտեսության զարգացմանը, երկրի առաջընթացի համար»:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը նույնպես ողջունեց արդեն ավանդույթ դարձաց ֆորումի մեկնարկը և խոսեց բիզնես ոլորտում նորարարարության կարևորության մասին.
«Տրադիցիոնալ բիզնեսները, որոնք կան թե բանկային, թե տրանսպորտային շուկայում, տարեցտարի փոխվում են, փոխվում են նաև բիզնես-մոդելնրը և ինովացիայի կարիքը ընդհանրապես բիզնեսում շատ կարևորվում է, կարևոր է նաև օգտագործել այդ տեխնոլոգիաները ու կարճ ժամկետներում մեծ արդյունքների հասնել»:
Երկօրյա ֆորումը 4 հիմնական բաժիններ ուներ ՝
Նորարարության և զարգացման համար անհրաժեշտ հմտություններ
Նորարարական ապրանք և ծառայություն
Նորարարության միջոցով բիզնես գործընթացի զարգացում
Նորարարական տնտեսության ռազմավարություն
Ինտերակտիվ և թեժ քննարկումների ընթացքը կառավարվում էր տարբեր ոլորտների մասնագետների կողմից: Միջոցառմանը մասնակցելու հնարավորություն ուներ ոլորտով հետաքրքրված ցանկացած անհատ: Կային նաև մասնակիցներ Վրաստանից, նրանց թվում էր Էկա Քարսաուլիձեն, ով մեզ հետ զրույցում կիսվեց իր տպավորություններով.
«Իմ կարծիքով ինչպես մեր այնպես էլ մեր կառավարության համար շատ կարևոր է տեղեկանալ հարևան երկրի ձեռքբերումների մասին, առավել ևս, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մենք տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գրեթե նույն մակարդակում ենք: Նման միջոցառումներ տարվում է նաև Վրաստանում, սակայն մենք հիմնականում հրավիրում ենք արտասահմանյան փորձագետների, մինչդեռ շատ կարևոր է փորձով կիսվել նաև հարևանի հետ»:
Ֆորումին մասնակցում էր նաև տեղեկատվական ավտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, ով Ալիքի հետ զրույցում նշեց, որ նման միջոցառումների լուրջ պակաս կա Հայաստանում.
«Կարծում եմ Հայաստանում նման ֆորումների պակաս կա, եթե չկա համայնք, որտեղ չկա շփում գիտելիքների, գաղափարների փոխանակում, այս ամեն ինչը սկսում է չորանալ, կամ էլ վեր է ածվում դրսի համար պատվեր կատարելու մի առանձին ոլորտի, որի վտանգը Հայաստանը ունի: Բարեբախտաբար ինչ-որ բաներ սկսել է փոխվել: Մեր ՏՏ համայնքը սկսել է հասկանալ, որ կարևորը այն է,որ դու արտադրող լինես: Կոնկրետ այս ֆորումը ունի ևս մեկ առանձնահատկություն, բացի ՏՏ ոլորտից այստեղ մասնակցում են նաև պետական հատվածը»: