Կորոնավիրուսով հիվանդ և ինքնամեկուսացված քաղաքացիների համար Մառնեուլիում գործում է հատուկ ընտրատեղամաս

Մառնեուլիի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Անի Իլուրիձեն հայտնում է, որ այսօր առավոտյան ժամը 07:00-ից Մառնեուլիում բացվել է 91 ընտրատեղամաս, քվեարկությունն սկսվել է 08:00-ին:

«Բոլոր ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 7-ին, հետևաբար, տեղամասերը մեկ ժամ ունեին համապատասխան ընթացակարգեր իրականացնելու համար, առայժմ հանդարտ է»,- այս մասին Ռադիո Մառնեուլիի հետ զրույցում ասել է Իլուրիձեն։

Նրա խոսքով՝ Մառնեուլիում կա մեկ հատուկ տեղամաս, որտեղ քվեարկում են կորոնավիրուսով վարակված և ինքնամեկուսացված քաղաքացիները։ Այստեղ գրանցված է 49 ընտրող։

Այսօր` հոկտեմբերի 2-ին Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են:

Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնին հավակնում է երեք թեկնածու՝ «Վրացական երազանք»-ից՝ Քենան Օմարովը, «Միացյալ ազգային շարժումից»՝ Էլդար Մուստաֆաևը և «Եվրոպական Վրաստանից»՝ Ահմեդ Իմամկուլիևը: