«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկարատև դադարից հետո այսօր հայտնվեց հանրության առջև:
Կնոջ հետ և ուժեղացված անվտանգության ուղեկցությամբ, Իվանիշվիլին եկել է Մթածմինդա շրջանի 4 -րդ ընտրատեղամաս՝ քվեարկելու Թբիլիսիի քաղաքապետի և սակրեբուլոյի ընտրություններին:
Բիձինա Իվանիշվիլին լուռ քվեարկել ու հեռացել է ընտրատեղամասի տարածքից՝ առանց մեկնաբանության թողնելով լրագրողների` Սաակաշվիլիի ձերբակալությանը վերաբերող հարցերը:
2021 թվականի սկզբին Իվանիշվիլին բաց նամակով հայտարարեց Վրաստանի իշխող կուսակցության նախագահի պաշտոնը լքելու որոշման մասին: Միլիարդատերը հայտարարեց, որ իր «առաքելությունն ավարտված է», նա հեռանում է քաղաքականությունից:
Քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությանը զուգահեռ հայտնի դարձավ, որ Իվանիշվիլին իր ունեցվածքի մեծ մասը փոխանցել է իրեն պատկանող «Քարթու» բարեգործական հիմնադրամի հաշվին: