Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել հայտարարությամբ և ասել, որ վաղը՝ հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բաց, արդար և ազատ միջավայրում անցկացվելու համար այժմ երկրին ամենից շատ հանգիստ է պետք:
Ըստ նրա, կառավարության պարտականությունն է ճնշել նախընտրական լարվածություն և ապակայունացում դրդողների բոլոր փորձերն ու թույլ չտալ բևեռացում:
«Խաղաղ և ազատ ընտրական միջավայրի պահպանման պատասխանատվությունը կառավարության վրա է: Վստահ եմ, որ հասարակությունը չի գնա ապակառուցողական ճանապարհով գնացող որևէ կուսակցության հետևից, քանի որ մեր հասարակությունը քաջատեղյակ է, թե ուր կարող է տանել բևեռացումը»,-ասել է Զուրաբիշվիլին:
Զուրաբիշվիլին արձագանքել է նաև Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությանը, որտեղ Վրաստանի երրորդ նախագահն ասում է, թե ինքը Վրաստանում է: Զուրաբիշվիլին նշել է, որ ճիշտ կամ կեղծ լինելու դեպքում, միևնունն է այս հարցը խաթարում է նախընտրական մթնոլորտը:
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ գտնվում է Վրաստանում: Դրանից հետո նա հրապարակել էր մի քանի տեսանյութ՝ նշելով, որ Բաթումիի ֆոնին:
Սակայն ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Միխեիլ Սաակաշվիլին չի հատել Վրաստանի սահմանը: