Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ահազանգում է, որ հոկտեմբերի 2-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, ընդդիմությունը սադրանքներ և ապակառուցողական գործողություններ է ծրագրում: «Վրացական երազանք» -ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն այսօր կայացած ճեպազրույցում ասել է, թե «ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գրասենյակներից ապակառուցողական ծրագրերի մասին տեղեկություններ են ստանում»։
Մդինարաձեն ասել է, որ ընդդիմությունն ընտրությունների օրը փորձելու է մեծ թվով բողոքներ ներկայացնել, բացի այդ՝ հանձնաժողովների անդամներին հրահանգվել է հնարավորինս խոչընդոտներ ստեղծել, չստորագրել արձանագրությունները, առանձին տեղամասերում նախատեսվում է գողանալ ընտրական ցուցակները, արհեստական հերթեր ստեղծել ընտրատեղամասերում:
«Օրինակ, ունենք տեղեկություններ, որ «Միացյալ ազգային շարժման» Բաթումիի քաղաքապետի թեկնածու Գիորգի Կիրտաձեն անձամբ է հանդիպել ընտրական հանձնաժողովի անդամների հետ և հանձնարարել խափանել ավելի քան 20 ընտրատեղամասի աշխատանք: Նշված ընտրատեղամասերի համարներն են՝ 32, 34, 36, 38, 40, 42, 11, 15, 17, 19, 23, 21, 61, 62, 64, 71, 72, 20, 28, 27, 102 և 103», -ասել է Մդինարաձեն՝ հիշեցնելով, որ նման քայլերը քրեական հանցագործություններ են։
ՄԱՇ-ի Բաթումիի քաղաքապետի թեկնածու Գիորգի Կիրտաձեն «Վրացական երազանքի» առաջնորդ Մամուկա Մդինարաձեի մեղադրանքները բացատրում է Բաթումիում կուսակցության ցածր վարկանիշով: Քաղաքապետի թեկնածուն ասում է, որ Մդինարաձեի նշած ընտրատեղամասերում սովորաբար հաղթում է ՄԱՇ-ը։
«Վրացական երազանքի» անդամները շատ լավ գիտեն, թե ըստ ներքին հարցումների՝ ինչ վարկանիշ ունեն իրենք Բաթումում: Նրանք չեն կարող մոտենալ 43 տոկոսին, անգամ 40 տոկոսին: Նրանք շատ լավ գիտեն, որ խայտառակ պարտություն են կրելու։ Ես պարոն Մդինարաձեին կոչ եմ անում դադարել բամբասել կամ՝ մեզ նման խոսել փաստերով», — ասել է Կիրտաձեն։
Վրաստանում ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին: Ընդդիմությունն այս ընտրություններն անվանում է հանրաքվե և կարծում է, որ եթե իշխող կուսակցությանը Շառլ Միշելի համաձայնագրի համաձայն չհաջողվի հավաքել ձայների 43 տոկոսը, արտահերթ խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Մինչդեռ, հիշեցնենք, որ«Վրացական երազանք» -ը հայտարարեց պայմանագրի չեղարկման մասին ու վստահեցրեց, որ խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվի մինչև 2024 թվականը: