Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը, երկրի 9-րդ գումարման խորհրդարանին պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ դիմում է ներկայացրել: Խորհրդարանի ընթացակարգային հարցերի հանձնաժողովին հանձնարարվել է քննարկել Ռուլոֆսի դիմումը: Հանձնաժողովի նախագահ Գիորգի Կախիանիի հայտարարության համաձայն, Ռուլոֆսի իրավասությունների դադարեցման հարցը մեկ շաբաթում կուսումնասիրվի և կներկայացվի օրենսդիրին: «Interpressnews»-ի փոխանցմամբ՝ նման դիմում չի ներկայացրել Գիորգի Կվիրիկաշվիլին, ով դեռևս պատգամավորական իրավասություններ ունի եւ միևնույն ժամանակ վարչապետի պաշտոնակատարն է: Անդրադառնալով վերը նշվածին Կախիանին հայտարարել է, որ երբ պարզ կլինի կառավարության կազմը, օրենսդիրը կքննարկի Գիորգի Կվիրիկաշվիլիի պատգամավորական իրավասությունների հարցը: