Վրաստանի Ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին կառավարության նիստից հետո անդրադարձել է երկրում տիրող ներկա տնտեսական վիճակին: Նրա խոսքով, վարկանիշային երեք ընկերության (Fitch, S&P, Moody’s) գնահատմամբ, Վրաստանը վերադարձել է նախահամաճարակային վիճակին:
Նախարարի գնահատմամբ, Վրաստանի այս արդյունքը կարևոր է, քանի որ շատ այլ երկրների վարկային վարկանիշը և սպասելիքները վատթարացել են:
«Վրաստանը վերադարձավ նախահամաճարակային ցուցանիշներին, հիմնականում երկրի կողմից իրականացվող ամուր մակրոտնտեսական քաղաքականության շնորհիվ, որին աջակցում են միջազգային կազմակերպությունները և ֆինանսական հաստատությունները: Հաշվարկների կարևոր գործոններից մեկը նաև երկրի տնտեսական աճի տեմպերն են: Վերջերս Ասիական զարգացման բանկը հրապարակել է տեղեկություն Վրաստանի տնտեսական աճի վերաբերյալ: Դուք գիտեք, որ Արժույթի միջազգային հիմնադրամը ավելացրել է Վրաստանի տնտեսական աճի կանխատեսումը մինչև 7.7%, ինչը գրեթե այն հիմնական սցենարն է, որ մենք ներկայացրել էինք խորհրդարանին»,- ասել է Խուցիշվիլին:
Նրա խոսքով, ըստ Ասիական զարգացման բանկի, այս տարի Վրաստանի տնտեսությունը կաճի 8,5% -ով:
«Ինչպես հայտնի է, տնտեսական աճը 7 ամիսների ընթացքում արդեն ավելին է, քան 12%-ը: Դրական սցենարով կա 10.2% տնտեսական աճ, ամենօրյա տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական աճի տեմպը դրական սցենարով է ընթանում», — հավելել է նախարարը:
Հիշեցնենք, որ այս մասին հայտարարություն էր արել նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ասելով «Ուրախացնում է, որ տնտեսությունը եռում է և աշխատում»: