Վրաստանում պատվաստման ռազմավարությունը պետք է վերանայվի, գտնում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
Ըստ նրա` մինչ այժմ բնակչությունն էր ակտիվություն ցուցաբերում ու պատվաստման կենտրոններ հասնում, այսուհետ պետք է պատվաստանյութը հասնի բնակչին` տեղում, պետք է ակտիվացնել առաջնային առողջապահությունը։
Արդեն տևական ժամանակ է` առողջության ոլորտի մասնագետներն ասում են, որ պատվաստումը պետք է հասանելի դառնա փոքր համայնքներում ևս։
Վրաստանում պատվաստումների մակարդակը կրկնակի նվազել է։ Եթե սեպտեմբերի սկզբին օրական 20 հազար պատվաստում էր արվում, այս պահին հազիվ է հասնում 13 հազարի։
Համեմատաբար լավ է իրավիճակը Թբիլիսիում, որտեղ պատվաստվել է չափահաս բնակչության 40% -ը, Աջարիայում՝ 30% -ը:
Երկրի գլխավոր համաճարակաբանը կրկին խոսել է հատկապես տարեց բնակչության պատվաստման կարևորության մասին` ասելով, որ դրանից կախված կլինի 5֊րդ բռնկման ծանրությունը։
Օրեր առաջ պատրաստվելու կոչ էր արել նաև Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն` մտահոգություն հայտնելով այն մասին, որ երբեմնի ամենաշատ պահանջարկ ունեցող Ֆայզերի պիտանելիության ժամկետը կարող է լրանալ։ Մինչև նոյեմբեր պետք է իրացնել երկրի ձեռք բերած չափաբաժինը։
Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվեցին մարտի 15 -ին, զանգվածային պատվաստումը` հուլիսի 5 -ին:
Սեպտեմբերի 26 -ի դրությամբ Վրաստանում պատվաստման ամբողջական կուրս ընդունել է 772,240 մարդ, ինչը կազմում է չափահաս բնակչության 27% -ը: