Վրաստանի պետական տեսչության ծառայությունը անձնական տվյալների պաշտպանության խախտում է համարել կադրերի հրապարակումը, որոնցում TV Pirveli- ի օպերատոր Լեքսո Լաշքարավայի տեղաշարժն է` մահվանից առաջ:
Ներքին գործերի նախարարությանը վարչական պատասխանատվության է ենթարկվել` տուգանվելով 2000 լարիով:
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, Ներքին գործերի նախարարության հրապարակած տեսանյութերից ոչ մեկը չի պատասխանում հասարակությանը հետաքրքրող հիմնական հարցին` որոնք են Լաշքարավի մահվան կոնկրետ պատճառները, բացի այդ չի հստակեցվել այդ տեսանյութերի կապը Լեքսո Լաշքարավի մահվան հետ:
Ըստ պետական տեսչական ծառայության` ստուգման արդյունքում բացահայտված հանգամանքները ցույց են տալիս, որ ՆԳՆ աշխատակիցները թույլ են տվել Լեքսո Լաշքարավայի անձնական տվյալները բացահայտելու փաստ:
Հիշեցնենք նախապատմությունը. ՆԳՆ-ն «Պիրվելի» հեռուստաընկերության օպերատոր, դաժանաբար ծեծված Լեքսո Լաշքարավայի մահը կապել էր թմրանյութեերի հետ: Գերատեսչությունը Թբիլիսիի տարբեր վայրերում տեղադրված տեսախցիկների տեսանյութեր էր հրապարակել, որոնցում Լաշքարավան ընկերոջ հետ է: Երիտասարդները մոպեդով են: Ըստ ՆԳՆ-ի` կադրերն արվել են օպերատորի մահվան նախորդ օրը: Լաշքարավան ու ընկերն այցելել են Սաբուրթալոյի տարածք, ինչպես նաև երկու անգամ եղել են ծայրամասային Պոնիճալայում, որը համարվում է Վրաստանին ծանր թմրանյութերի մատակարարման հիմնական ալիքը:
Լաշքարավային տանը մահացած էին գտել հուլիսի 11-ին: Հուլիսի 5-ին մասնագիտական պարտականությունները կատարելիս 53 լրագրող է վիրավորվել ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանը նվիրված Արժանապատվության քայլերթին դեմ հանդես եկող ցուցարարների կողմից, և Լաշքարավան էլ նրանցից մեկն էր։ Նա մի քանի օր անցկացրել է հիվանդանոցում, իսկ հուլիսի 10-ին դուրս գրվել: