Ղարաբաղյան պատերազմի ազդեցությունը Վրաստանում ապրող ադրբեջանցիների ու հայերի վրա

2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած 44-օրյա պատերազմն  ազդեցություն ունեցավ ոչ միայն Արցախի եւ Հայաստանի, այլեւ տարածաշրջանի բոլոր երկրների վրա: Վրաստանը, լինելով Հայաստանի և Ադրբեջանի հարևանը, պատերազմի մեկնարկից ի վեր հայտարարեց իր չեզոքության մասին:

Չնայած այս ամենին, հարևանների միջև 44 օր տևած պատերազմը չէր կարող իր անմիջական ազդեցությունը չթողնել Վրաստանի վրա, հատկապես հաշվի առնելով այն իրողությունը, որ Վրաստանում ապրում են մեծաթիվ թվով հայեր և ադրբեջանցիներ:

Ինչպես պատերազմական գործողությունների օրերին, այնպես էլ դրանց հաջորդող ժամանակահատվածում սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում էին տարբեր տեղեկություններ, որոնք կարող էին մեծ ազդեցություն ունենալ Վրաստանի վրա, ընդհուպ մինչեւ ուղղակիորեն ներքաշելով երկիրը հակամարտության մեջ՝ Վրաստանի ներսում ստեղծելով էթնիկ բախումներ:

Օրինակ 1. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման երկրորդ օրը` սեպտեմբերի 28-ին, Ջավախքի բնակիչները սնունդ ու կենցաղային անհրաժեշտ տարբեր ապրանքներ հավաքեցին հակամարտության գոտի ուղարկելու համար: Սակայն, վրաց-հայկական սահմանին մարդասիրական օգնությամբ բեռնված մեքենաները մի քանի ժամով կանգնեցվեցին, ինչին հաջորդեց տեղի բնակչության բողոքի ակցիան: Ի վերջո, վրաց սահմանապահները սննդամթերքով և բժշկական պարագաներով բեռնված երկու բեռնատարի թույլ տվեցին հատել սահմանը:

Բողոքի ցույցը ցրվեց այդ օրը, սակայն Ջավախքում իրավիճակը կրկին սրվեց այն բանից հետո, երբ հայալեզու լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում սկսվեց տարածվել ապատեղեկատվություն` պնդելով, թե Վրաստանի կառավարությունը թույլ է տվել Թուրքիայից իր տարածքով դեպի Ադրբեջան զինյալներ տեղափոխել:

Ջավախքում` Թուրքիայի սահմանամերձ Կարծախ գյուղի մոտ, սեպտեմբերի 29-ին, տեղի բնակիչները փակել էին Թուրքիան և Վրաստանը կապող հիմնական ճանապարհը: Բնակիչները կարծում էին, որ բեռնատարներով Թուրքիայից Վրաստանի տարածքով զինամթերք էր տեղափոխվում Ադրբեջան:

Օրինակ 2. Հունվարի 25-ին հայկական մեդիա հարթակներում ապատեղեկատվություն տարածվեց Մառնեուլիում հայկական բեռնատարների վրա ադրբեջանցիների հարձակման դեպքի վերաբերյալ: Այս փաստին անմիջապես արձագանքեց Վրաստանում ՀՀ դեսպանությունը: Հայտարարության մեջ նշվեց, որ դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիի Փոնիճալա կոչվող թաղամասում և ոչ թե ադրբեջանաբնակ Մառնեուլիում: Բացի այդ, ըստ հայտարարության՝ հայտնի չէր նաև հարձակվողների էթնիկ պատկանելությունը:

Օրինակ 3. Մարտի 24-ին ռուսաստանյան 360tv.ru հեռուստաալիքով տեղեկատվություն տարածվեց վրաց-ռուսական սահմանին բեռնատարների վարորդների կոնֆլիկտի մասին, որի ընթացքում իբր` թուրք վարորդը սպանել է հայ վարորդին: Այս լուրը տարածվեց հայկական տարբեր մեդիա հարթակներում, սակայն միջադեպը պաշտոնապես չհաստատվեց: Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարությամբ, նրանք Վերին Լարսի անցակետից հաղորդագրություն չեն ստացել բեռնատարների վարորդների միջև կոնֆլիկտի, կամ սպանության վերաբերյալ: Տեղեկությունն ավելի ուշ հերքեց նաև Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության 2020 թվականի զեկույցում Ղարաբաղյան երկրորդ պատերազմը գնահատվում է որպես «հատկապես բարդ մարտահրավեր»: Զեկույցում ասվում է, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական կոնտինգենտ տեղակայելով՝ Ռուսաստանը ձգտում է ամրապնդել իր ռազմաքաղաքական և տնտեսական լծակները տարածաշրջանում, ինչը կարող է էապես ազդել տարածաշրջանի անվտանգության վրա:

«Հակամարտության գոտում զարգացումների ֆոնին շահագրգիռ խմբերը հատկապես ակտիվացել են Վրաստանի էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում: Նշված խմբերն ակտիվորեն փորձում էին իրավիճակը սրել Վրաստանի ազգությամբ ադրբեջանցի և հայ քաղաքացիների միջև, այս կերպ նպատակ ունենալով հակամարտությունը տեղափոխել կոնկրետ մունիցիպալիտետների տարածք` խաթարելով առկա խաղաղ միջավայրը» — ասվում է ՊԱԾ-ի զեկույցում:

Ժողովրդավարության հետազոտությունների ինստիտուտի (DRI) 6-ամսյա մոնիթորինգի արդյունքում հրապարակված զեկույցում խոսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Վրաստանում այլատյացության, ազգայնական տրամադրությունների և հակաարևմտյան լրատվամիջոցների արշավի ակտիվացման մասին:

Ըստ DRI-ի՝ տարբեր առցանց մեդիահարթակներ հաճախ ապատեղեկատվություն էին տարածում, որոնց հիմնական նպատակը հանրության շրջանում այլատյացության տրամադրությունների բորբոքումն էր: Թիրախավորված հայատյաց և հակաադրբեջանական դիսկուրսը ծառայում էր Վրաստանի էթնիկ փոքրամասնություններով բնակեցված հատվածներում լարվածության կենտրոնների ստեղծմանը:

Ընդհանուր առմամբ, DRI-ն հաշվետու ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ազգայնական հողի վրա տարածված ապատեղեկատվական պատմությունների 620 դեպք է արձանագրվել՝ 6 տելեգրամյան ալիքներով, 15 ֆեյսբուքյան էջերով և 12 կայքերով:

Զեկույցում նաև նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ֆոնին ապատեղեկատվական արշավի շրջանակներում նկատելի է դարձել հայատյաց հռետորաբանության ուժեղացումը: Այս ուղղությամբ միտում է ձևավորվել էթնիկ հողի վրա ատելություն սերմանելու փորձերով թեժ կետեր ստեղծել Վրաստանի` էթնիկ հայերով բնակեցված շրջաններում:

Լուսանկարը՝ Տիգրան Թարզյանի ֆեյսբուքյան էջից

«Երիտասարդները հանուն ժողովրդավարական փոփոխությունների» հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Թարզյանի խոսքով, 2020 թվականի աշունը շատ դժվար ժամանակահատված էր Ջավախքի բնակչության համար: Ըստ նրա, հատկապես այդ ամիսներին ակնհայտ է դարձել, որ բնակչության շրջանում ցածր է մեդիագրագիտության մակարդակը, ինչի հետեւանքով ապատեղեկատվություն պարունակող տարբեր նյութերն իրենց ազդեցությունն են ունեցել ժողովրդի վրա:

«Վրաստանում ապրող հայազգի քաղաքացիների ինտեգրման խնդիրը, իհարկե, դեռ արդիական է և դա շատ վառ երևաց Ղարաբաղյան հակամարտության ընթացքում, երբ մարդկանց մեծ մասն իրեն ընկալում էր որպես պատերազմի մասնակից, չնայած որ ֆիզիկապես գտնվում էր Վրաստանում: Մենք Վրաստանի քաղաքացիներ ենք ու որոշ դեպքերում պետք է պահպանենք չեզոքություն և չանենք քայլեր, որոնք կարող են վնասել մեր երկրին», — ասում է Թարզյանը:

Ըստ Թարզյանի՝ պատերազմի օրերին և հետպատերազմյան շրջանում, բարեբախտաբար, բախումներ չեղան Վրաստանում ապրող ազգությամբ հայերի և ադրբեջանցիների միջև, չնայած այն իրողությանը, որ հատկապես երիտասարդների շրջանում ակտիվ քննարկումներ էին ծավալվում սոցիալական ցանցերում, որոնք ուղեկցվում էին հայհոյախառն մեկնաբանություններով, բռնության կոչերով:

«Շատ հայ երիտասարդներ, ովքեր մինչ պատերազմը լավ հարաբերություններ ունեին ազգությամբ ադրբեջանցիների հետ, նրանց միջև ձևավորվել էր ընկերական և ուսանողական հարաբերություններ, պատերազմի օրերին որոշ լարվածություն մտավ շատերի հարաբերություններում, սակայն պատերազմից հետո տարբեր առիթներով կրկին նորմալ հարաբերությունների է գնում: Ես անձամբ բոլոր վրաստանաբնակ ադրբեջանցիների հետ պահպանել եմ նորմալ հարաբերություններ և մեզ համար առաջնայինը եղել է խաղաղությունը», — նշում է Թարզյանը:

Վրաստանի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, քաղաքացիական ակտիվիստ Շուքուր Ալիի խոսքով, վերջին տարիների ընթացքում ազգային փոքրամասնությունների ինտեգրման մակարդակը բավականին բարձրացել է, ինչի վառ օրինակ է ազգությամբ հայ և ադրբեջանցի ուսանողների թվի աճը: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության ազդեցությանը էթնիկ փոքրամասնությունների ինտեգրմանը, նրա խոսքով` իրենց վրա, որպես 3-րդ երկրի քաղաքացի քիչ ազդեցություն է ունեցել, թեև եղել են շատ մարդիկ ովքեր մեծ թափով ապատեղեկատվություն են տարածել:

Լուսանկարը՝ Շուքուր Ալիի ֆեյսբուքյան էջից

«Չնայած այս ամենին, երիտասարդները, ովքեր իրենց համարում էին երրորդ երկրի քաղաքացի, լավ վերլուծեցին կատարվածը և հասկացան, որ ապատեղեկատվության տարածումը իրականացվում է ոչ թե Ադրբեջանի կամ Հայաստանի, այլ Կովկասի թշնամի՝ Ռուսաստանի կողմից», — ասում է նա:

 

Շուքուրի խոսքով, պատերազմի օրերին Վրաստանում ավելի շատ հիբրիդային պատերազմ է տեղի ունեցել և երիտասարդների մի մասը, ցավոք, մասնակցել է դրան, իսկ մյուս մասը, ըստ նրա հստակ արձանագրել է, որ իրենք Վրաստանի քաղաքացիներ են և, որ «պատերազմը վատ է» և «պատերազմը սպանում է»:

«Պատերազմի հանդեպ իրենց բողոքն արտահայտեցին այն երիտասարդները, որոնց համար Վրաստանում ինտեգրումը կարևոր էր», — ասում է նա և նշում, որ հետագա խնդիրներից խուսափելու համար պարտադիր է, որ է՛լ ավելի ակտիվորեն ընթանա Վրաստանի հայազգի և ադրբեջանցի երիտասարդների կրթության գործընթացը:

Ազգային և կրոնական հարցերով փորձագետ Լելա Ջեջելավայի խոսքով, Վրաստանն այս 30 տարիների ընթացքում անկախ է իրականացնում էթնիկ քաղաքականությունը, էթնիկ խմբերի ինտեգրման առումով առաջ է գնացել, սակայն դեռ շատ աշխատանք կա կատարելու: Բացի այդ, ըստ Ջեջելավայի, Ղարաբաղյան հակամարտությունն ուներ ևս մեկ նշանակություն, որ Վրաստանում ապրող հայերն ու ադրբեջանցիները շատ լավ հասկացան, թե ինչ մասշտաբի ցավալի դեպքեր կարող էին տեղի ունենալ, եթե հակամարտությունը տեղափոխվեր Վրաստան:

«Անկեղծորեն ուզում եմ ասել, որ ո՛չ Հայաստանի և ո՛չ էլ Ադրբեջանի շահերից չէր բխում հակամարտության տեղափոխումը Վրաստան եւ դրա հետեւանքով հնարավոր էթնիկ բախումները, սակայն ցավոք կա այլ ուժ, որն ունի լծակներ սա անելու համար, և, իհարկե, ցանկության դեպքում դրա անհրաժեշտությունը կլինի: Այդ պատճառով ես ուզում եմ ընդգծել, որ մեր պաշտպանված լինելը այդ ժամանակ և հիմա պայմանավորված է մեր քաղաքացիների բարձր պետական գիտակցությամբ»,- եզրափակում է Ջեջելավան: