Ղարաբաղյան հակամարտության լուսաբանումը մեծ մարտահրավեր է պատերազմին մասնակից երկրների լրագրողների համար: Նրանցից շատերն ասում են, որ չնայած բազմիցս փորձել են, բայց միևնույն է՝ պատերազմի ընթացքում ոչ միշտ է հաջողվել անաչառություն պահպանել:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում, որը սկսվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, ի տարբերություն նախկինում եղած հակամարտությունների՝ լրագրողներն իրենք էլ նշում են, որ մամուլի դերը չափազանց մեծ էր: Պետությունները պատերազմում էին ոչ միայն միմյանց դեմ, այլև՝ համաճարակի և կիբեր անվտանգության:
Այս պատերազմում մեծ էր հատկապես սոցիալական մամուլի դերը․ Հայաստանի կառավարությունը, հատկապես 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո, սոցիալական ցանցերում բավական ակտիվ է ու պատերազմի ժամանակ էլ աշխատում էր նույն ակտիվությամբ։ Հատկանշական է, որ անգամ առաջնագծի լուրերը հիմնականում հաղորդվում էին հենց սոցիալական ցանցերի միջոցով։
Մինչդեռ Ադրբեջանում պատկերը միանգամայն այլ էր․ իշխանությունները ավելի քան վեց շաբաթ արգելափակել էին կամ դանդաղեցրել սոցիալական հարթակների մեծ մասի հասանելիությունը՝ հայտարարելով, թե դա «հայկական կողմի սադրանքները կանխելու համար է»: Չնայած Հայաստանում նման արգելափակում չկար, սակայն լրագրողները նշում են, որ կար վերահսկողություն մամուլի նկատմամբ, ինչին նպաստում էր նաև պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին հայտարարաված ռազմական դրությունը։
«Պատերազմական իրավիճակում չափազանց կարևոր է հետևել որոշ կանոնների, ու հիշել, որ խաղաղ ժամանակների օրենքները լրատվության մեջ չեն աշխատում: Պետք է հստակ սահմանափակումներ լինեն, և հաճախ ընդունվում են տարբեր օրենքներ, ինչը նաև Հայաստանում եղավ, որոշվեց, որ լրատվամիջոցները պետք է տարածեն միայն պաշտոնական հայտարարությունները, որպեսզի որևէ խնդիր չառաջանա, քանի որ պատերազմը նաև շարունակվում է տեղեկատվական դաշտում և կան ռիսկեր, որոնք կարող են ազդել անգամ ներքաղաքական գործընթացների վրա», — պարզաբանում է «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Պատերազմին մասնակից երկրների լրագրողները, չնայած նախկինում ունեցած փորձին ու ապրելով հակամարտության գոտում, թեև տեսականորեն պետք է տիրապետեին արտակարգ իրավիճակում լուսաբանման հմտություններին,սակայն նշում են, որ կանգնած էին մեծ մարտահրավերի առաջ և իրենց իսկ խոսքով՝ շատ դժվար էր նման իրավիճակում պահպանել օբյեկտիվություն:
Սևակ Վարդումյանը պատերազմի օրերին աշխատել է 24news.am լրատվական կայքում՝ որպես լրագրող: Մարտական գործողությունները մի քանի օր լուսաբանել է Ստեփանակերտից ու Մարտունիից: Վիրավորվելուց հետո ստիպված եղել վերադառնալ Երևան՝ արդեն այնտեղից շարունակելով լուսաբանել պատերազմի հետագա ընթացքը:
«Մոտ երկու տասնյակ լրագրողներ կային, որոնք տեղում լուսաբանում էին մարտական գործողությունները։ Հաշվի առնելով վտանգավոր իրավիճակը, խմբերով էինք գնում նկարահանումների։ Հերթական նկարահանմանը գնալու համար Մարտունիի քաղաքապետարանի շենքում սպասում էինք, որ մի խումբը վերադառնա ու մենք գնանք, բայց մեր հերթը չհասած: Ադրբեջանական կողմը գրադ կայանից 4 հրթիռ արձակեց Մարտունու համայնքապետարանի վրա, ինչի հետևանքով զոհվեց՝ չորս և վիրավորվեց մեկ տասնյակից ավել մարդ, նրանց թվում՝ նաև ես»:
Սևակը դժվարանում է հավատալ այնպիսի լրագրողի գոյությանը, որը կառաջնորդվի սոսկ լրագրողական կանոններով և նորմատիվներով, երբ իր երկիրը, իր ժողովուրդը պատերազմի մեջ է։
«Բացի լրագրող լինելը, մենք առաջին հերթին ՀՀ քաղաքացիներ ենք և ինչքան էլ փորձենք առաջնագծից ինֆորմացիան փոխանցել որպես անաչառ լրագրող, միջազգային բոլոր նորմերին համապատասխան, միևնույն է որոշ նրբություններ խոսքի, գրածի և հաղորդածի մեջ կլինեն»:
«Ե՛վ առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, և՛ երկրորդ հակամարտության ժամանակ ես չկարողացա մինչև վերջ օբյեկտիվ լինել: Ինչպե՞ս լինել օբյեկտիվ, երբ քո քաղաքներն են վառվում և քո համաքաղաքացիները զոհվում են», — ասում է ադրբեջանցի լրագրող, քաղաքական մեկնաբան Շահին Ռզաևը:
Սեյմուր Կազիմովը, սակայն, վստահաբար ասում է. «Ես հետևել եմ լրագրողական նորմերին: Իմ գրածներում ատելության խոսք չկա»:
Սեյմուր Կազիմովը հակամարտությունների սահմանային մոնիտորինգի հարցերով մասնագիտացած` փորձառու լրագրող է: Կազիմովը նաև հակամարտությունների լուսաբանման փորձագետ է` բազմաթիվ հոդվածների ու ելույթների հեղինակ Ադրբեջանում: Նա պատերազմի սկզբից մինչև վերջին օրերը գտնվել է առաջնագծում:
«Օրինակ, ինձ հասցեագրված քննադատություններից մեկն այն էր, թե ինչու ես չեմ գրել Ստեփանակերտի (Կազիմովն օգտագործում է նաև Խանքենդի անվանումը) վրա եղած հարձակումների մասին: Պատերազմի ժամանակ գրում էի այն վայրերի մասին, որտեղ ֆիզիկապես ներկա էի: Ռազմական լրագրության փիլիսոփայությունն այն է, որ պետք է գրել այն կետից, որտեղ պատերազմը տեղի է ունենում: Ի՞նչ կարող եմ գրել այն վայրի մասին, ուր ես ներկա չէի կամ չէի կարող դիտարկել: Անկեղծ ասած, հաճելի չէր նման մեղադրանքներ լսել, քանի որ ես աշխատում էի տեղում, այլ ոչ թե այցելում որպես զբոսաշրջիկ: Մյուս կողմից, զգայուն ժամանակներ էին, կարծում եմ, մարդիկ կարեկցանքի կարիք ունեին» — ասում է Սեյմուր Կազիմովը:
Սեյմուրը կարծում է, որ ամեն դեպքում անհրաժեշտ է պահպանել հանգստություն, և ամենակարևորը՝ ազնիվ աշխատել: Նա կարծում է, որ հաղթահարել է և սխալ տեղեկատվություն չի փոխանցել: Չնայած նրան մեղադրել են նաև ապատեղեկատվություն տարածելու մեջ:
«Պատերազմի ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաները հաղորդեցին որոշ տարածքների ազատագրման մասին: Ես այդ մասին կիսվել եմ նաև սոցիալական ցանցի իմ էջում: Որոշ ժամանակ անց սկսեցի հաղորդագրություններ ստանալ իմ որոշ հայ գործընկերներից, իբր թե ես զբաղված էի Ադրբեջանի կառավարության քարոզչությամբ, թե ոչ մի տարածք իրականում չի ազատագրվել և այլն: Ի վերջո, նոյեմբերի 10 -ին պարզ դարձավ, որ ես չեմ ստել: Նույնիսկ մեծ փորձ ունեցող հայ լրագրողները սկսեցին խոստովանել, որ կարծում էին, թե իրենց երկիրն է հաղթում պատերազմում»:
Թե՛ հայ և թե՛ ադրբեջանցի լրագրողների պնդմամբ, հայկական կողմից ապատեղեկատվության բավական մեծ հոսքեր են եղել, որոնք հատկապես ցցուն դարձան պատերազմի՝ Հայաստանի համար բավական ծանր ելքից հետո։ Թեև ադրբեջանական կողմում նույնպես եղել են ապատեղեկատվական հոսքեր, սակայն պատերազմի ավարտից հետո դրանց անդրադարձեր գրեթե չեն եղել։
«ArmeniaTV»- ի լրագրող Անի Ավետյանը, ով պատերազմը լուսաբանել է Ստեփանակերտից, կարծում է, որ նման իրավիճակում օբյեկտիվ տեղեկատվություն փոխանցել կնշանակի պարզապես ասել «ճշմարտությունը», ինչն էլ մամուլը ստանում էր պաշտոնական աղբյուրներից:
Անին պատմում է նաև պատերազմի՝ Ադրբեջանի կողմից լուսաբանման մասին նշելով, որ նկատել է ադրբեջանական կողմից տարբեր սադրանքեր, ինչպես օրինակ, երբ նրանք հրթիռակոծել են Արցախի համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ` իմանալով, որ ստանալու են համարժեք պատասխան: Զուգահեռաբար լրագրողներին հավաքած սպասել են այդ ամենը լուսաբանելու։
Սակայն հակամարտությայն անաչառ լուսաբանումը ծանր մարտահրավեր էր ոչ միայն հակամարտության գոտուց լուսաբանող լրագրողների համար․ Հայաստանի հանրային հեռուստաընկերության լուրերի հաղորդավարի ուղիղ եթերում զոհվածների անունները կարդալուց հետո չկարողացավ զսպել արցունքերը։ Այնուհետև որոշվեց, որ պատերազմում զոհվածների անունները պետք է ոչ թե հայտարարվեն, այլ ուղղակի գրվեն էկրաններին:
Սոցիալական ցանցերում ադրբեջանական էջերի միջոցով տարածվող քարոզչական պաստառներում օգտագործվել են նաև երեխաների լուսանկարներ։ «Դադարեցրեք հայկական ագրեսիան» գրությամբ տարածվում էր մի փոքրիկ աղջկա լուսանկար, որի բեմադրված լինելը փաստող տեսագրություններն ի պատասխան տարածվեցին հայկական լրատվամիջոցների կողմից։
Կարեկցանք առաջացնող լուսանկարի ստեղծման ընթացքը տեսնակարահանել և իր մեկ միլիոնաից ավելի հետևող ունեցեղ հաշիվներից մեկում հրապարակել էր ադրբեջանցի մեծահարուստ գործարարաներից մեկի կինը՝ Դիանա Ահադփուրը։
Կոնֆլիկտաբան, Գորիի համալսարանի ռեկտոր Զազա Ցոտնիաշվիլիի կարծիքով՝ աշխարհում շատ քիչ կան պատերազմ լուսաբանող պրոֆեսիոնալ լրագրողներ, հատկապես մեր տարածաշրջանում, որը պատերազմական գոտի է վերջին տասնամյակների ընթացքում:
«Լրագրողի համար շատ դժվար է պահպանել օբյեկտիվությունը, երբ խոսքը վերաբերում է իր հայրենիքին, իր ժողովրդին, իր ազգային շահերին, և դա լրացուցիչ խնդիր է Կովկասի համար», — պարզաբանում է կոնֆլիկտաբանը:
Նա ասում է, որ զինված հակամարտության լուսաբանումը չափազանց դժվար է, իսկ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմի ընթացքը լուսաբանելը որակավորման բացակայության խնդիր էր: Կոնֆլիկտաբանը քննադատում է հակամարտության կողմնակալ լուսաբանումը և կարծում, որ լրագրողը պետք է անի հնարավորը ՝ օբյեկտիվությունը պահպանելու համար:
Լրատվամիջոցների աշխատանքն այլ տեսանկյունից է քննադատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության փորձագետների հասարակական խորհրդի համակարգող Արզու Աբդուլաևան:
«Չկար մամուլի աղբյուր, որը կարող էր կազմակերպված կերպով ճշգրտվել: Կողմերը միմյանց հետ խոսում էին ծայրահեղ բացասական թշնամական բառամթերքով, միմյանց նկատմամբ նվաստացնող վերաբերմունքով, մարդկանց ու երկրի արժանապատվության նվաստացմամբ»:
Ըստ փորձագետի՝ երկու երկրներում լրատվամիջոցների կողմնակալությունն ակնհայտ էր, սակայն նա միայն կառավարությանը չի մեղադրում. Կարծում է, որ լրագրողների պարտքն է ճշգրիտ տեղեկատվություն ներկայացնելը:
Եվրոպական «ERMES» կառույցի` 2021-ի հունվարին հրապարակված «Լրատվամիջոցների ու ապատեղեկատվության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու խաղաղության հաստատման մեջ» խորագրով զեկույցում ևս նշվում է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի լրատվամիջոցներում գերիշխում էր պաշտոնական՝ Պաշտպանության նախարարության տված տեղեկատվությունը։
«Պատերազմի լուսաբանումը միակողմանի էր: Անշեղորեն կրկնօրինակվում էին պաշտոնական հայտարարություններն ու խաղաղության ուղերձներից զուրկ կոչերը։ Երկու կողմից էլ հանրային վստահություն ու հարգանք վայելող լրագրողները տրվեցին այդ միտումներին»,-ասվում է զեկույցում։
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի փորձագետների և լրագրողների կարծիքները մասամբ համընկնում են: Ակնհայտ է, որ պատերազմող կողմերի տեղեկատվությունը ներկայացվում էր մեծամասամբ պաշտոնական աղբյուրների հիման վրա և անգամ հիմա` ռազմական գործողությունների դադարեցումից շուրջ մեկ տարի անց, պատկերն ամբողջական չէ` զոհերի, անհայտ կորածների ու գերիների իրական թվերի վերաբերյալ։
Հեղինակ՝ Ռիմա Մարանգոզյան