Պատվաստման տեմպերը Վրաստանում

Կորոնավիրուսի դեմ պատվաստումների ներկայիս տեմպը թույլ կտա, որ մինչև տարեվերջ Վրաստանի չափահաս բնակչության 60% -ը  լիովին պատվաստված լինի, ինչը համահունչ է ազգային ծրագրին:

Այս մասին  ասել է Վրաստանի  հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության պահպանման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:

Սեպտեմբերի 11 -ի դրությամբ Վրաստանում 577,162 մարդ լիովին պատվաստված է կորոնավիրուսի դեմ, ինչը կազմում է երկրի չափահաս բնակչության 20,2% -ը: Եվս 889.903 մարդ կամ չափահաս բնակչության 31,2% -ը ստացել է պատվաստանյութի միայն մեկ չափաբաժինը: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում երկրում կատարվել է ավելի քան  21 հազար պատվաստում:

Մասնագետի կանխատեսմամբ` եթե ​​սեպտեմբեր -հոկտեմբեր ամիսներին հասնեն օրական 24 հազար ցուցանիշի, ապա մինչև հոկտեմբերի վերջ հնարավոր կլինի  լրջորեն զսպել վիրուսը, այսինքն` ցուրտ սեզոնը Վրաստանը կդիմավորի` առանց լուրջ վտանգի:

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հայտնաբերվել է 2020 թվականի փետրվարի 26 -ին: Մինչ օրս երկրում գրանցվել է վարակի 580.869 դեպք (բնակչության ավելի քան 15% -ը), ապաքինվել է 541.610 հիվանդ, մահացել է 8185 մարդ:

Վերջին վիճակագրությունը` սեպտեմբերի 11-ի դրությամբ` 1838 նոր դեպք ու 39 մահ:

Երկիրն արդեն անցել է կորոնավիրուսային համաճարակի չորրորդ ալիքի միջով: Պարզվեց, որ այն ամենածանրն էր.  օրական գրանցվել է 5-6 հազար նոր վարակ և մի քանի տասնյակ  մահ:

Համաճարակաբանները նշում են, որ որոշ ժամանակ մահացության ցուցանիշը  կմնա բարձր, քանի որ հիվանդանոցներում հիվանդների թիվը դեռ նույն մակարդակի վրա է: