Վրաստանում հասարակական տրանսպորտը կվերագործարկվի սեպտեմբերի 13 -ից: Որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում:
Հիշեցնենք` խորհրդի որոշմամբ` այս փուլում մնացած բոլոր սահմանափակումներն ուժի մեջ են մնում: Դիմակ կրելը պարտադիր է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում:
Մարզական միջոցառումները կշարունակվեն անցկացվել առանց հանդիսատեսի, միջոցառումների մասնակիցները պետք է պատվաստված լինեն, կամ վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխան ներկայացնեն կամ հակագենի թեստ, որը վավեր է 24 ժամվա ընթացքում:
Սեպտեմբերի 13 -ին կսկսվի 2.800.000 լարի ընդհանուր մրցանակային ֆոնդով` պատվաստումը խրախուսող ամենօրյա վիճակահանությունը, և դրամական պարգևներ կխաղարկվեն ` ինչպես մեկ, այնպես էլ 2 անգամ պատվաստված անձանց համար ՝ պատահականության սկզբունքով:
Կրթական թեմայով որոշումն անփոփոխ է` հանրային դպրոցներում նոր ուսումնական տարին մեկնարկում է հեռավար` սեպտեմբերի 15-ին` բացառությամբ առաջին դասարանցիների: Որոշվել է, որ առաջին դասը կանցկացվի դասարաններում` հոկտեմբերի 4-ին: