Վրաստանի Խորհրդարանն առաջին ընթերցմամբ 126 ձայնով միաձայն ընդունել է սահմանադրական օրենքում նախատեսվող փոփոխությունները:
Իշխող մեծամասնության նախաձեռնությամբ և որոշմամբ` նախագիծը քվեարկության դրվեց առանց այն կետի, որը նախատեսում է գլխավոր դատախազի ընտրություն որակյալ մեծամասնությամբ` խորհրդարանի լիիրավ անդամության 3/5 մասով:
Առաջին ընթերցմամբ ընդունված սահմանադրության վերանայման նախագծով փոփոխությունը կարտացոլվի սահմանադրության անցումային դրույթներում, ինչը նշանակում է, որ նոր նորմերը կլինեն ժամանակավոր և կկիրառվեն խորհրդարանի հաջորդ երկու գումարումների համար:
Ըստ նախագծի՝ հաջորդ երկու խորհրդարանական ընտրությունների հիման վրա խորհրդարանի մանդատները կբաշխվեն այն կուսակցություններին, որոնք կստանան ձայների 2 տոկոսը:
Խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով, և այսպես կոչված չբաշխված տեղերը կմնան ամենամեծ մնացորդ ունեցող կուսակցություններին: Նույն փոփոխությունների համաձայն, խորհրդարանի ներկա և հաջորդ երկու գումարումների խմբակցությունների անդամների թիվը չպետք է լինի չորսից պակաս: Սահմանադրական փոփոխությունների նախագիծը 91 խորհրդարանականների նախաձեռնությունն է: