Օգոստոսի 31-ին միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, անդրադառնալով համավարակային իրավիճակի թեմային, հայտարարեց, որ որոշակի կայունացման նշաններ են նկատվում, սակայն դա չպետք է մեզ խրախուսի, չպետք է թուլանանք, պաշտպանիչ դիմակն ու պատվաստումը կարեւոր են:
Վարչապետի խոսքով, կառավարությունը ուշադիր հետեւում է համաճարակային իրավիճակին, այն համեմատաբար կայունացել է վերջին օրերին, եւ գործընթացը կարծես հանդարտվում է, բայց, իհարկե, մենք չպետք է թուլանանք ու պետք է շարունակենք հնարավորինս մոբիլիզացված աշխատանքը: Վարչապետը քաղաքացիներին կոչ արեց ակտիվ պատվաստվել:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, մեկնաբանելով Եվրամիությունից 75 միլիոն եվրո վարկից Վրաստանի կառավարության հրաժարվելու փաստը, նշեց, որ դա պետք է չվտանգի երկրի ռազմավարական կուրսը եւ եվրաինտեգրման միտումը:
— Ճիշտ է, իշխանություններն իրավունք ունեն հրաժարվել ցանկացած վարկից, բայց վարկի հետ ստորագրված փաստաթղթերի նկատմամբ փոփոխվող դիրքորոշումը, միակողմանի, չբացատրված որոշումները, կարող են ազդել երկրի ապագա վարկանիշի, ինչպես նաեւ օտարերկրյա ներդրողների տրամադրության վրա: Համոզված եմ, որ տնտեսական մեկուսացումը, որն այսօր անհասանելի է նույնիսկ աշխարհի հարուստ երկրների եւ վտանգավոր պատրանք է մեզ՝ որպես փոքր երկրի համար, հիմնված չէ այս որոշումների վրա: Այնուամենայնիվ, պետք է զգույշ լինել, որպեսզի նման քայլը բնակչության մոտ կեղծ ընկալումներ չներշնչի: Չկա այլընտրանք Եվրամիության համերաշխությանը եւ գործընկերությանը, որը բնակչության 80 տոկոսը ոչ միայն հասկանում է, այլեւ կիսում,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: Անդրադառնալով «Ազգային շարժման» կողմից Շառլ Միշելի միջնորդությամբ մշակված պայմանագրի ուշացած ստորագրման հարցին՝ Վրաստանի նախագահը հայտարարեց, որ կանի հնարավորինը, որպեսզի ոչ ոք՝ ո’չ իշխանությունը, ո’չ ապակառուցողական ընդդիմությունը, որն այսօր լկտիաբար ստորագրում է փաստաթուղթը, մինչդեռ վեց ամիս խարխլում էր այդ գործընթացը, եւ դրանով իսկ վտանգում մեր երկրի ռազմավարական շահերը: Նրա խոսքով, մեկը պատասխանատվություն է կրում արդար ընտրություններ անցկացնելու, իր պարտավորությունները կատարելու եւ երկրում վստահություն հաստատելու, իսկ մյուսը ապակայունացում հրահրելու համար:
Նախընտրական քարոզարշավը Ախալքալաքիում և Նինոծմինդայում
Հոկտեմբերի 2-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Ախալքալաքիի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետներում քաղաքապետի թեկնածուներ Մելքոն Մակարյանն ու Անի Մոսոյանը, մունիցիպալիտետների սակրեբուլոների պատգամավորության թեկնածուների հետ հանդիպումներ են անցկացնում տեղի բնակիչների հետ։ Օգոստոսի 27-ին Ախալքալաքիի քաղաքապետի թեկնածու Մելքոն Մակարյանը մունիցիպալիտետի Գոգաշեն-Հոկամ համայնքում կայացած հանդիպմանը տեղացիներին ներկայացրեց այդ տարածիքից սակրեբուլոյի մեծամասնական պատգամավորի թեկնածու Գուրամ Օքրոձեին, իսկ օգոստոսի 30-ին՝ Դիլիսկա, Պտենա եւ Չունչխա գյուղերում տեղացիների հետ հանդիպմանը Մելքոն Մակարյանը ներկայացրեց սակրեբուլյի պատգամավորության թեկնածու Նվեր Մոսոյանին։ Օգոստոսի 28-ին Նինոծմինդայի քաղաքապետի թեկնածու Անի Մոսոյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում ունեցավ մունիցիպալիտետի Սպասովկա, Օռլովկա, Գորելովկա, Եֆրեմովկա, Ժդանովական եւ Սամեբա գյուղերի բնակիչների հետ։ Սեպտեմբերի 1-ին նման հանդիպում անցկացվեց նաեւ Նոր Խուլգումո, Փարվանա, Փոկա եւ Վլադիմիրովկա գյուղերում։ Տեղացիների հետ հանդիպմանը, քաղաքապետի թեկնածուն ներկայացրեց անցած չորս տարիների ընթացքում իրականացված աշխատանքները եւ խոսեց ծրագրված նախագծերի մասին։ Ախալքալաքիի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետներում քաղաքապետերի թեկնածուների եւ տեղի բնակչության հանդիպմանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Սամվել Մանուկյանն ու Սմբատ Կյուրեղյանը, Ախալքալաքիի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետների նախագահներ Նաիրի Իրիցյանն ու Վահան Արոյանը։