Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի խոսքերով, Մոսկվան պատրաստ է վերականգնել հարաբերությունները Վրաստանի հետ, եթե Վրաստանը ցանկանա նորմալ ապրել Ռուսաստանի հետ որպես իր հարևան: Տեղեկությունը տարածում է ռուսական Ria Novosti-ն:
«Եթե Վրաստանն իրոք չի ցանկանում խաղալ «Ռուսաստանի խաղաքարտով» [ռուսական թեման օգտագործել]՝ արևմուտքի հովանու տակ մնալու համար, և ցանկանում է նորմալ կյանքով ապրել մեզ հետ՝ որպես հարևաններ, մենք պատրաստ ենք դրան ցանկացած պահի», — ասել է Լավրովը` Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ելույթի ժամանակ:
«Մենք ցանկանում էինք պատասխանել մեր վրացի հարևաններին, երբ նրանք մեր քաղաքացիների համար սահմանեցին առանց վիզայի ռեժիմ: Սկզբում մենք դեռ հետևում էինք, թե ինչ է կատարվում և, իհարկե, ոչ ոքի չէինք արգելում գնալ Վրաստան: Մոտ մեկուկես տարի առաջ մենք նույնիսկ պատրաստ էինք Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ մտցնել, բայց հետո տեղի ունեցավ տհաճ միջադեպ, կոպիտ սադրանք Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակության դեմ, որը Թբիլիսի էր ժամանել միջխորհրդարանական ուղղափառության ասամբլեային հերթական նիստի համար»,- ասել է Լավրովը:
Հիշեցնենք՝ 2019 թվականի հունիսին Թբիլիսիում հակառուսական բողոքի ակցիաներից հետո ՌԴ նախագահի հրամանագրով հուլիսի 8-ից արգելվեցին ուղիղ ավիաչվերթները Վրաստանի և Ռուսաստանի միջև:
2008 թվականից Վրաստանը խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ վերջինիս կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման պատճառով։ Դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո 2009 թվականի մարտից Թբիլիսիում տեղակայված Շվեյցարիայի դեսպանատանը գործում է ՌԴ շահերի բաժին, որտեղ աշխատում են ռուս դիվանագետներ և տեխնիկական անձնակազմ։ Վրացական շահերի բաժինը նույն սկզբունքով գործում է Մոսկվայում Շվեյցարիայի դեսպանատանը։