Կորոնավիրուսով պայմանավորված պահանջներին չենթարկվելու պատճառով` վերջին 72 ժամվա ընթացքում Վրաստանում փակվել է հինգ օբյեկտ, վեցը տուգանվել է` հայտնում է Աշխատանքի տեսչությունը:
Աշխատանքի տեսչության տվյալներով, Վրաստանում հայտնաբերված խախտումներից գերակշռում են սոցիալական, զանգվածային ժամանցային միջոցառումների անցկացման հետ կապված խախտումները:
Երկու շաբաթվա ընթացքում Վրաստանի տարածքում կնքվել է ավելի քան 20 օբյեկտ, տուգանվել 46 ձեռնարկատեր` այդ թվում 29 իրավաբանական և 17 ֆիզիկական անձ:
Հաստատություններից մեկը փակվել է կանխարգելման նպատակով. բարը փակվել է այն բանից հետո, երբ տեսչությունը տեղեկություն է ստացել, որ այնտեղ երեկույթ է նախատեսված:
Հիշեցնենք` Վրաստանում կորոնավիրուսային համաճարակի պատճառով արգելվում են հարսանիքներ, հոգեհացեր, մկրտություններ, ծննդյան օրեր նշել` ավելի քան 10 հոգով:
Սննդի հաստատություններին թույլատրվում է այցելուներ ընդունել մինչև 22:00-ն:
Համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով` օգոստոսի 10-ից ուժեղացվել է սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողությունը, ընդլայնվել են աշխատանքի տեսչության լիազորությունները: Տեսուչները կարող են ռեստորան կամ գիշերային ակումբ կնքել, այնուհետև գործը փոխանցել ոստիկանություն` հետագա ընթացքի համար:
Մարդաշատ միջոցառում կազմակերպած ֆիզիկական անձինք տուգանվում են 2 հազար լարիով, իսկ իրավաբանական անձինք՝ 10 հազար լարիով: