«Ալիք Մեդիայի» նախաձեռնությամբ ավարտվեց «Շրջանային մեդիան՝ կանանց աշխատանքային խտրականության դեմ» նախագծի առաջին փուլը, ամփոփվեցին Վրաստանի հայալեզու լրագրողների համար նախատեսված դասընթացները: Դրանք տևեցին մեկ ամիս. այդ ընթացքում անցկացվեց 10 առցանց դասընթաց:
Լրատվամիջոցների ներկայացուցիչ մասնակիցները տեղեկություններ ստացան այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ «Մեդիայի դերը գենդերային կարծրատիպերի և աշխատանքային հարաբերություններում խտրականության կանխարգելման գործում», «Մեդիան որպես աշխատանքային հարաբերություններում կանանց նկատմամբ սեռական ոտնձգության կանխարգելման գործիք», «Աշխատանքային հարաբերություններում կանանց խտրականության արգելման միջազգային չափորոշիչները» և այլն։
Թրեյնինգներին մասնակցեցին «Ալիք Մեդիայի» գործընկեր լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ Նինոծմինդայի համայնքային ռադիոյի, Ախալքալաքի հեռուստաընկերության, Հանրային հեռուստաընկերության հայալեզու լրագրողները, ինչպես նաև ԹՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներն ու լրագրությամբ հետաքրքրված անձինք, ակտիվիստները:
Նախագծի շրջանակներում «կանանց աշխատանքային իրավունքների ու դրանց լուսաբանման նրբությունների մասին» դասընթացները վարեց «Ալիք Մեդիայի» գործընկեր, «Ֆրեյա» կանանց կազմակերպության տնօրեն, դասընթացավար Քեթի Մուրղուլիան:
Գնահատելով դասընթացների ակտիվությունը, Քեթի Մուրղուլիան ասում է՝ դասընթացի կուրսի սկզբում մասնակիցները դժվար էին նույնականացնում խտրականությունը, հաճախ իրենց փորձում տեղի ունեցած աշխատանքային խտրականությունը ևս չէին բացահայտում.
«Ընթացքում բավականին դրական արդյունքներ արձանագրեցինք: Որպես դասընթացավար ակնհայտորեն զգացի մասնակիցների ակտիվացումը, հաճելի էր նաև, որ մի քանիսը հստակ արձանագրեցին իրենց ցանկությունը՝ հետագայում կանանց աշխատանքային իրավունքների շուրջ աշխատելու հետ կապված: Ցանկացած մարդ, լրագրող, ով շրջանում կանանց աշխատանքային իրավունքների ուղղությամբ վերապատրաստում է անցնում, ևս մեկ ուժ է, որպեսզի ավելի շատ կին տեղեկացված լինի այս հարցի շուրջ»։
Մուրղուլիան նաև անդրադարձավ «Ալիք Մեդիա»-ի թիրախային շրջաններում՝ Քվեմո Քարթլիում ու Սամցխե Ջավախքում գոյություն ունեցող կանանց աշխատանքային իրավունքների հետ կապված իրավիճակին: Նրա խոսքով, առաջնային խնդիրը տեղեկացվածության պակասն է.
«Շատ կարևոր քայլ է, որ արդեն կան անձինք, ովքեր հետաքրքրվեցին դասընթացով, կանանց աշխատանքային իրավունքներով, ակտիվություն ցուցաբերեցին, սա մեծ հույս է ապագայի համար: Աշխատավարձային մեծ տարբերություն կա, մեր դասընթացների մասնակիցներից մեկը հետագայում կաշխատի այս ուղղությամբ ու կպայքարի կանանց իրավունքների պաշտպանության համար»:
«Ալիք Մեդիան» նախագծի շրջանակներում մոտ ապագայում հանդես կգա նաև այլ ձևաչափի տեղեկատվական նյութերով:
Նախագիծն իրականացվում է Եվրամիության և Կանանց հիմնադրամի աջակցությամբ: