Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Սագանելիձեին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այս մասին ասվում է ՀՀ նախագահի պաշտոնական էջում:
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սագանելիձեին՝ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացման գործում ունեցած ներդրման համար և հետագա հաջողություններ մաղթել նրան: Նախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակով փոխայցելությունները, բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելու երկկողմ ջանքերը հնարավորություն են տալիս հետևողականորեն ամրապնդել միջպետական հարաբերությունները և պահպանել ու խորացնել երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերը:
Դեսպան Սագանելիձեն նշել է, որ ջերմ տպավորություններով է հեռանում երկրից և շարունակելու է մնալ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը: