Վրացական խորհրդարանը Թբիլիսի տեղափոխելու հարցը կրկին օրակարգում է

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Զաքարիա Քուցնաշվիլին գտնում  է, որ խորհրդարանը պետք է վերադառնա Թբիլիսի:

«Պետք է հարգենք Վրաստանի միլիոնավոր այն քաղաքացիների ցանկությունները, որոնք վերաբերում են օրենսդիր կառույցը մայրաքաղաք վերադարձնելուն: Ի վերջո, հարգենք Դավիթ Աղմաշենեբելիի պայքարը, ով  1122 թվականին մայրաքաղաքը տեղափոխեց Թբիլիսի»,-ասել է Քուցնաշվիլին՝ հավելով, որ երկրի օրենսդիր մարմինը պետք է աշխատի  մայրաքաղաքում, թեև, ըստ նրա, սա օրակարգի կարեւոր  հարցը չէ։

Այլ կարծիքի է նույն կուսակցության մեկ այլ անդամ  Կոբա Նարչեմաշվիլին։ Վերջինս,որ Քութայիսից պատգամավոր է ընտրվել մեծամասնական ընտրակարգով, պնդում է, որ  խորհրդարանը պետք է մնա Քութայիսիում: Նա ասել է, որ եթե հարցը քննարկման դրվի, ինքը դեմ կքվեարկի։
Հիշեցնենք, որ  «Վրացական երազանք» -ը՝ գալով  իշխանության,  ժամանակ առ ժամանակ օրակարգ է բերում խորհրդարանը Թբիլիսի վերադարձնելու հարցը։ Կառավարության ներկայացուցիչները նշում են, որ հեռավորության պատճառով  պատգամավորները հաճախ են բաց թողնում նիստերը:

Խորհրդարանը երկրի երկրորդ քաղաք տեղափոխելու մասին  2012-ին որոշում էր կայացրել  նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին։

Թողնել պատասխան