15-ամյա Լուկա Սիրաձեի գործով դատապարտված քննիչ Մարիանա Չոլոիանին վաղաժամ լքել է քրեակատարողական հիմնարկը: Ինչպես ասել է նրա փաստաբան Գագի Մոսիաշվիլին, Չոլոիանին այսպես կոչված Ուդոյի հանձնաժողովի (հանձնաժողովը քննում է համաներման հարցերը) որոշմամբ ազատ է արձակվել: Նա երեկ լքել է բանտը:
2019 թվականի դեկտեմբերի 11-ին Վրաստանի ոստիկանության կողմից հարցաքննվելուց հետո 15-ամյա Լուկա Սիրաձեն ինքնասպանության փորձ էր կատարել, իսկ նույն թվականի դեկտեմբերի 17-ին՝ հիվանդանոցում մահացել: Նույն օրը ձերբակալել էին գործով քննիչ Մարինա Չոլոիանիին:
Տղայի ընտանիքի անդամները պնդում էին, որ իրավապահները տղայից խոստովանական ցուցմունք ստանալու համար հոգեբանական ճնշման են ենթարկել: Նրանք չեն բացառում, որ դեռահասը չի կարողացել դիմանալ հոգեբանական բռնություններին և սպառնալիքներին, այդ իսկ պատճառով էլ փորձել է ինքնասպան լինել:
2019-ի դեկտեմբերի 17-ի գիշերը, երբ տարածվեց Լուկայի մահվան լուրը, մի շարք ակտիվիստներ բողոքի ցույց էին անցկացնում հիվանդանոցի բակում, որից հետո էլ մի քանի օր շարունակ ցույցերը շարունակվում էին ՆԳ նախարարության, դատախազության, խորհրդարանի և այլ պետական կառույցների շենքերի մոտ:
Հավելենք, որ 15-ամյա Լուկա Սիրաձեն հարցաքնվում էր «Կանաչ դպրոցի» գործով՝ պատերին «Էս կյանքի մերն էլ…» արված գրությունների համար:
Ցուցարարներն «Էս կյանքի մերն էլ…» և «Մարդասպաններ» գրառումներով պաստառներով էին ցույցեր անցկացնում: