Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին այսօր՝ օգոստոսի 3-ին պաշտոնապես ստանձնեց իր լիազորությունները: Վերջինս սահմանել ու ներկայացրել է աշխատանքային առաջնահերթ խնդիրները, որոնցից են` հանձնաժողովների իրավասության ամրապնդումը, ներառականության, ներգրավվածության առավելագույն աճը:
Բացի այդ, ինչպես նշել է ԿԸՀ նոր նախագահը, առավել թափանցիկություն ապահովելու համար, ԿԸՀ ինչպես այսօրվա, այնպես էլ հետագա նիստերը կհեռարձակվեն ուղիղ եթերով:
Կալանդարիշվիլին ընդգծել է, որ չնայած որոշ քաղաքական ուժերի աջակցության բացակայությանը, նա պատրաստ է համագործակցել բոլորի հետ՝ ընտրական միջավայրը և ընտրական գործընթացը բարելավելու նպատակով:
«Ես վերահաստատում եմ բոլոր քաղաքական կուսակցությունների հետ համագործակցելու պատրաստակամությունը և ցանկացած պահի պատրաստ եմ լուծել ընտրությունների հետ կապված ցանկացած խնդիր, որը կբարելավի ընտրական միջավայրը և ընտրական գործընթացը», — ասել է Կալանդարիշվիլին։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է բացառում քաղաքական ազդեցությունը ընտրական գործընթացներում, Կալանդարիշվիլին նշել է, որ ինքն իրեն դրսևորել է որպես պրոֆեսիոնալ պետական ծառայող, ինչը ենթադրում է կայունություն քաղաքական կամ մասնավոր ցանկացած ազդեցությունից:
«Ես 13 տարի աշխատում եմ ընտրությունների կազմակերպման, անցկացման ոլորտում, այդ թվում՝ բազմաթիվ առաջատար պաշտոններում: Մինչ օրս ոչ մի հարցական նշան չի եղել իմ աշխատանքի, անկախության աստիճանի և կողմնակալության վերաբերյալ: Հետևաբար, ես այս ընթացքում դարձել եմ պրոֆեսիոնալ պետական ծառայող, ինչը, բնականաբար, նշանակում է տոկունություն՝ ցանկացած քաղաքական կամ մասնավոր ազդեցությունից»,- ասել է Կալանդարիշվիլին:
Նշենք, որ Կալանդարիշվիլին ԿԸՀ-ն կղեկավարի ընդամենը վեց ամիս, քանի որ վերջերս «Ընտրական օրենսգրքում» կատարված փոփոխությունների համաձայն, եթե ԿԸՀ-ի նախագահն ընտրվում է խորհրդարանի լրիվ կազմի առնվազն 2/3-ի աջակցությամբ՝ նրա լիազորությունների ժամկետը սահմանվում է 5 տարով, իսկ եթե չի ստանում 100 պատգամավորի աջակցություն, ապա նորընտիր նախագահը ԿԸՀ-ն ղեկավարում է 6 ամսով:
Վրաստանի խորհրդարանում ԿԸՀ ղեկավարի ընտրությունը մի քանի անգամ տապալվելուց հետո, ի վերջո օգոստոսի 2-ին կայացած արտահերթ նիստում Կալանդարիշվիլիի թեկնածությունը պաշտպանել է 83 պատգամավոր, իսկ երեքը դեմ են արտահայտվել:
Միաժամանակ, պատգամավորների որոշմամբ, ԿԸՀ անդամներ են դարձել Գիա Ցացաշվիլին և Մայա Զարիձեն: