Վրաստանի ներքին գործերի նախարարությունը վերափոխել է Ավստրալիայի 31-ամյա քաղաքացի Շանա Բրուքի մահվան գործը` «կանխամտածված սպանության»: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը:
Հոդվածը նախատեսում է 7-15 տարվա ազատազրկում: Նախարարությունից հայտնում են, որ իրականացվում են ակտիվ օպերատիվ-որոնողական և քննչական միջոցառումներ` հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ: Նրա ինքնությունը մինչ օրս պարզված չէ:
Ավստրալիայի քաղաքացի, 31-ամյա Շանա Բրուքի դին հայտնաբերվել է Թբիլիսիի Մթածմինդա լեռան լանջին ՝ հուլիսի 31-ի երեկոյան` ծածկված ճյուղերով և տերևներով:
Ընդդիմադիր «Մթավարի» հեռուստաալիքը, որը անօդաչու թռչող սարքից նկարահանել է հանցագործության տեղանքը, պնդում է, որ երիտասարդ կնոջ մարմնի վրա բռնության հետքեր կան: Մոտակայքում նետված են եղել կնոջ որոշ անձնական իրեր և հագուստ: Լրատվամիջոցները չեն բացառում, որ դաժան հարձակման նպատակը բռնաբարությունն է եղել:
Բրուքը որպես ուսուցիչ աշխատում էր Բաթումիում, մեկ օրով հանգստի էր եկել Թբիլիսի: Վերջին անգամ նրան տեսել են շաբաթ օրը` կեսօրին: