Վրաստանի կառավարությունը մտադիր է մոբիլիզացնել բժշկական բրիգադներ և տարածքներ` կորոնավիրուսի դեմ պատվաստումների մակարդակը բարձրացնելու համար:
Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այս գործընթացում կարեւորում է կլինիկաների աջակցությունը, նաև պետության և առողջապահության համակարգի սերտ համագործակցությունը: Հանձնարարված է գնահատել առկա ռեսուրսներն ու հիվանդանոցների` լրացուցիչ մահճակալներ հատկացնելու կարողությունը: Ղարիբաշվիլին վստահեցնում է` իշխանությունները պատրաստ են առավելագույն օգնություն ցուցաբերել կլինիկաներին` համաճարակաբանական իրավիճակն արդյունավետ կառավարելու նպատակով:
Հուլիսի սկզբին մասնագետները սկսեցին ակնարկել երկրում համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատթարացման մասին: Վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 413 հազարը: Միայն վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է 2712 նոր դեպք:
Վրաստանում բնակչության զանգվածային պատվաստումները սկսվել են հուլիսի 5-ին: Երկիրն ունի մի քանի պատվաստանյութերի բավարար պաշար: Այս պահի դրությամբ` 464.875 մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, 153,128 քաղաքացի ստացել է պատվաստման ամբողջական դոզա: