Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին հայտարարել է երկիր վերադառնալու իր մտադրության մասին: Նրա խոսքով՝ դա տեղի կունենա «մինչեւ հանրաքվեն»:
Խոսքը վերաբերում է հոկտեմբերի 2-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, որոնք վրացական ընդդիմությունը համարում է իշխող կուսակցության վստահության հանրաքվե:
Սաակաշվիլին իր տեսաուղերձում մեկնաբանել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և «Վրացական երազանքի» որոշումը ՝ միակողմանիորեն դուրս գալ այսպես կոչված` Շարլ Միշելի համաձայնագրից (փաստաթուղթ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ, որը ստորագրվել է իշխանությունների և ընդդիմության մեծ մասի կողմից Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ): Ըստ նրա` Իվանիշվիլին ամբողջ աշխարհի առջև նախապես ընդունեց պարտությունը` հոկտեմբերյան հանրաքվեում և այն ինչ նա արեց երեկ, աննախադեպ է Վրաստանի նորագույն պատմության մեջ:
Սաակաշվիլիի խոսքերով, «Վրացական երազանքը» խախտել է իր պարտավորությունները՝ ոչ թե Եվրամիության կամ որևէ քաղաքական կուսակցության, այլ վրաց ժողովրդի առջև: Նախկին նախագահը հիշեցնում է, որ համաձայն պայմանավորվածության` առաջիկա ընտրությունները պետք է որոշեին արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճակատագիրը. դա պետք է տեղի ունենար, եթե իշխող կուսակցությունը հավաքեր ձայների 43% -ից պակաս: Քաղաքական գործիչը համոզված է` երբ Իվանիշվիլին «տեսավ, որ սարսափելի պարտվում է, ամբողջությամբ չեղյալ հայտարարեց այդ պարտավորությունը»:
Սաակաշվիլին նաև պնդում է, որ իշխանությունները մտադիր են փակել ընդդիմադիր լրատվամիջոցները և սահմանափակումներ մտցնել ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով:
Նախկին նախագահը վստահ է` ընտրությունները կանկացվեն, ինքն էլ կվերադառնա, իսկ Իվանիշվիլիի իշխանությունն ավարտված է: