Իշխող «Վրացական երազանքը» չեղյալ է հայտարարում ապրիլի 19-ի պայմանագիրը: Այս մասին այսօր հատուկ ճեպազրույցում կուսակցության առաջնորդների հետ համատեղ հայտարարություն արեց «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն:
Կոբախիձեի խոսքով՝ ապրիլի 19-ի համաձայնագիրն իրեն սպառել է:
«Այսօր՝ փաստաթղթի ստորագրումից 100 օր անց, պարզ է, որ նա կատարել է իր առաքելությունը և սպառել իրեն: Թեև ընդդիմադիր պատգամավորների կեսից ավելին դեռ չեն ստորագրել համաձայնագիրը, մենք տեսնում ենք, որ մեր միջազգային գործընկերները անհրաժեշտ չեն համարում ռադիկալ ընդդիմությանը հորդորել ստորագրել փաստաթուղթը և մասնակցել դրա իրականացմանը:
Երկիրն արդեն անցել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Հիմնական ընդդիմադիր կուսակցության կողմից չստորագրված քաղաքական համաձայնագրի ֆոնին` ինքնակառավարման մարմինների ընտրությունների անցկացումը վնասում է երկրի շահերին: Այս իրավիճակում «Վրացական երազանքի» կողմից քաղաքական համաձայնությունը սպառված հայտարարելը այլընտրանք չունի», — ասել է Իրակլի Կոբախիձեն:
Նրա խոսքով ՝ ապրիլի 19 -ի համաձայնագրի միակողմանի հանձնառությունը վիրավորական է իրենց կուսակցության համար, և նման անսկզբունքայնությունը չի ներվի իրենց ընտրողների կողմից:
«Ապրիլի 19 -ի համաձայնագիրը դրական դեր խաղաց կարճաժամկետ քաղաքական գործընթացների զարգացման մեջ: Ընդդիմությունը ստիպված եղավ դադարեցնել սաբոտաժը, որը վնասում էր երկրի շահերին: Հետևաբար, մենք հատկապես շնորհակալ ենք Շառլ Միշելին` նրա ջանքերի համար», — ասել է Կոբախիձեն:
Նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններին հաջորդած Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը ավարտվեց ապրիլի 19-ին Շառլ Միշելի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրով: Ընդդիմության մեծ մասը, բացի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից, ստորագրեց համաձայնագիրը և միացավ խորհրդարանի աշխատանքին: