Մոպեդների գրանցումը 2022թ. մարտից պարտադիր կդառնա

Մոպեդների գրանցումը պարտադիր կդառնա 2022 թվականի մարտ ամսից, մինչ այդ` գրանցումը կլինի կամավոր:

Միևնույն ժամանակ, ինչպես բացատրել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն խորհրդարանի արտահերթ նիստում, այս գործընթացը ենթադրում է, որ մոպեդները պետք է անցնեն տեխզննում, ստանան համապատասխան անձնագիր ու համարներ, ճիշտ այնպես, ինչպես տրանսպորտային այլ  միջոցների դեպքում է։

«Այսօր մոպեդները գրանցված չեն, նույնիսկ համարներ չունեն: Հեծանիվի նման ցանկացած մարդ կարող է խանութում գնել և օգտագործել։ Ըստ առաջարկվող փոփոխությունների, մոպեդ վարել ցանկացողը պետք է վարորդական իրավունք ստանա. սա կլինի AM կարգի նոր վարորդական իրավունք, բայց եթե անձը որևէ այլ կարգի վարորդական իրավունք ունի, նրան թույլատրվում է մոպեդ վարել», — նշել է Ալեքսանդր Դարախվելիձեն:

Երկու տարվա դադարից հետո խորհրդարանը վերադարձել է «Երթևեկության մասին» օրենքում նախատեսված փոփոխություններին: 2019 թվականի մայիսին նախաձեռնված օրենսդրական փոփոխությունները Ներքին գործերի նախարարությունն առաջին ընթերցմամբ ներկայացրել է լիագումար նիստում: