Թբիլիսիի ավագանուն կից գործող ազգային փոքրամասնությունների խորհրդի նախաձեռնությամբ հուլիսի 20-ին, Փարաջանովի մահվան 31-րդ տարելիցի օրը, որոշում է կայացվել փողոցը, որտեղ բնակվել է Փարաջանովը, անվանել մեծն կինոռեժիսորի անվամբ: Սրա հետ մեկտեղ, ավագանու ներկայացուցիչները՝ ավագանու փոխնախագահ Մարիկա Դարչիան, խորհրդի նախագահ Ռիտա Խիդիրբեգիշվին ու թբիլիսահայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ՝ «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, «Վիրահայերի միության» հիմնադիր Մարի Առաքելովան ծաղիկներ են դրել Թբիլիսիում Փարաջանովի արձանին: Խորհրդի անդամ, վրաց-հայկական միության հիմնադիր Մարի Առաքելովան Ալիք Մեդիայի հետ զրույցում վերհիշում է նախաձեռնության պատմությունը.
«Այսքան տարվա ընթացքում Թբիլիսիում Փարաջանովի անվան փողոց չի եղել: Առաջին անգամ այս հարցը բարձրացրինք 2015 թվականին՝ սկսեցինք Փարաջանովի անվան մշակութային ամենամյա մրցույթներ անցկացնել, հետո՝ 2019-ին դիմեցինք խորհուրդ: Այս ողջ տարիների ընթացքում ավագանու անդամների սերտ աջակցությունն ենք ունեցել, իսկ ահա երկու տարի առաջ մեզ միացավ ռեժիսոր Գիա Ալավիձեն, ու մեծ դիմում գրեցինք»,- ասում է Առաքելովան ու հավելում, որ որոշումն ընդունվել է առաջին իսկ ընթերցմամբ:
Որոշումն օրինական ուժի մեջ կմտնի օգոստոսի վերջում: