«Ստրատեգիա Աղմաշենեբելիի» առաջնորդ Գիորգի Վաշաձեի խոսքով, եթե ընդդիմությունն ընտրություններում առաջադրի ուժեղ երրորդ ուժ, նա երկրորդ փուլում հնարավորություն կունենա հաղթել Կախա Կալաձեին:
Ըստ Վաշաձեի, ընդդիմադիր կուսակցությունների թիվ մեկ խնդիրն այն է, որ իշխող «Վրացական երազանքը» չկարողանա 43% հավաքել ընտրությունների համամասնական մասում և նշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ նրա, բոլոր ռազմավարությունները պետք է կենտրոնանան դրա շուրջ:
«Ճիշտ կլինի ձևավորել երրորդ ուժ, որը կառաջադրի քաղաքապետի թեկնածու, ինչպես նաև իր սեփական թեկնածուները բոլոր պաշտոնների համար: Մարդիկ պետք է տեսնեն, որ ընտրությունը ոչ միայն «Վրացական երազանքի» և «Ազգային շարժման», ոչ միայն ներկայի և անցյալի միջև է, այլ ընտրությունը ներկայի և ապագայի միջև է: Ես, մեր թիմի հետ միասին, աշխատում եմ այս ուղղությամբ: Հուսով եմ, որ առաջին փուլում համախմբումը կլինի ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար, իսկ հաջորդ փուլում՝ խորհրդարանական ընտրությունների», — ասել է Գիորգի Վաշաձեն:
Հիշեցնենք` երեկ իշխող կուսակցությունը առաջիկա ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու առաջադրեց գործող քաղաքապետ Կախա Կալաձեին:
2021 թվականի ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 2-ին: Այս տարվա ընտրությունները տարբերվում են նման այլ ընտրություններից նրանով, որ դրանց արդյունքներն ուղղակիորեն որոշում են ոչ միայն համայնքային մարմինների կազմը, այլև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ճակատագիրը: Եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստանա համամասնական ձայների 43%-ից պակաս աջակցություն, ապա 2022 թվականին Վրաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: