Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան խոսել է նոր ուսումնական տարվա մեկնարկի և դպրոցների անձնակազմի պատվաստման վերաբերյալ:
Նրա խոսքով՝ համաճարակաբանական իրավիճակը հաշվի առնելով` նոր ուսումնական տարվանից դպրոցներում հեռավար ուսուցման ներդրումը ելք չէ և միակ լուծումը պատվաստումն է:
«Հաշվի առնելով, որ այսօր երկրում ունենք միլիոն ու կես դեղաչափ պատվաստանյութ և սպասում ենք ևս մեկ միլիոնի, իմ և Առողջապահության նախարարության հիմնական ռեկոմենդացիան այն է, որ մնացած հուլիս և օգոստոս ամիսները դպրոցի անձնակազմն օգտագործի ակտիվ պատվաստումների համար, որպեսզի դպրոցներն ուսումնական տարվա մեկնարկը դիմավորեն անվտանգ միջավայրում: Այսօր սահմանափակումը դպրոցի պայմաններում լուծում չէ, ոչ էլ հեռավար ուսուցումն է այս խնդրի լուծումը: Խնդրի լուծումը պատվաստումն է, և ես կխնդրեմ բոլորին, ովքեր զբաղված են դասավանդմամբ կամ աշխատում են դպրոցում, դիմել պատվաստումների կենտրոններին,- հայտարարել է Գաբունիան:
Ըստ նրա՝ կորոնավիրուսի տարածման ցուցանիշն աճում է երեխաների մոտ և մինչ այժմ երկրի հիվանդանոցներում մահճակալների պակաս չկա: Փոխնախարարը նաև նշել է, որ երեխաներին վիրուսից պաշտպանելու ամենաարդյունավետ միջոցը կանոնակարգերին հետևելն ու ծնողների պատվաստվելն է: