Վրաստանի սփյուռքի հարցերով պետնախարարի աշխատակազմը կլուծարվի։ Այս կառույցն իր գործունեությունը կշարունակի Արտաքին գործերի նախարարության կազմում, ինչի մասին լրագրողներին ասել է Արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն. «Կարևոր է այս ռեսուրսների միավորումը` սփյուռքի հետ մեր հարաբերությունների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Սփյուռքին անհանգստացնող խնդիրները լուծելու, մեր արտաքին քաղաքականության մեջ Սփյուռքի դերը բարձրացնելու, ազգային դիվանագիտության խորացման տեսանկյունից»,- ասել է Ջանելիձքեն: Երկու գերատեսչությունների միավորման մասին լուրը հաստատել է նաև Սփյուռքի հարցերով պետնախարար Գելա Դումբաձեն. «Տարիների ընթացքում մեր կառույցում հավաքվել է պրոֆեսիոնալների թիմ, որը նույնքան դինամիկ կշարունակի աշխատանքը ավելի բարջր դիվանագիտական ասպարեզում»,- ասել է Դումբաձեն, ով նաեւ տեղեկացրել է, թե ինքն աշխատանքը կշարունակի դիվանագիտական ծառայությունում. «Երկար տարիներ ես կադրային դիվանագետ էի։ Աշխատել եմ 4 տարբեր երկրներում, ամենայն հավանականությամբ մի քանի ամիս հետո կվերադառնամ դիվանագիտական աշխատանքի»,-ասել է նախարարը` չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ պաշտոն է զբաղեցնելու:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, վարչապետ Կվիրիկաշվիլին ասել էր, թե Կառավարությունը նկատելիորեն կրճատելու է վարչական ծախսերը` այդ թվում տարբեր գերատեսչությունների միավորման հաշվին: