ԱՄՆ պետքարտուղարությունը Վրաստանի իշխանություններին կոչ է արել պատասխանատվության ենթարկել հուլիսի 5-ին և 6-ին Թբիլիսիում խաղաղ ցուցարարների և լրագրողների վրա հարձակված անձանց:
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ձեր գործընկեր Լեքսո Լաշքարավայի մահվան կապակցությամբ` նրա ընտանիքին և գործընկերներին: Յուրաքանչյուր մարդ, ով հարձակվել է խաղաղ ցուցարարների և լրագրողների վրա, նրանք, ովքեր բռնություն են հրահրել, պետք է հայտնաբերվեն, կալանավորվեն և պատասխանատվության ենթարկվեն` օրենքի ողջ խստությամբ: Մենք Վրաստանի ղեկավարներին և իրավապահ մարմիններին հիշեցնում ենք իրենց սահմանադրական իրավունքներն իրականացնող յուրաքանչյուրին պաշտպանելու պատասխանատվության մասին: Մենք նրանց հիշեցնում ենք լրագրողներին պաշտպանելու` իրենց պատասխանատվության մասին», —ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը` դիմելով Պիրվելի հեռուստաընկերության լրագրողին: Վարչապետի հրաժարականի պահանջի հետ կապված` պաշտոնյան ասել է, որ որոշումը պետք է ընդունի վրաց ժողովուրդը:
Լրագրողի հարցին` արդյո՞ք ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Վրաստանի ղեկավարության այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնք թույլ են տվել հուլիսի 5-ի բռնության դեպքերը, Փրայսը ասել է. «Մենք ունենք մի քանի մեխանիզմներ, որոնք ուղղված են մարդու իրավունքների ոտնահարման և բռնության համար պատասխանատուների դեմ: Եվ պատժամիջոցներն, իսկապես, այդպիսի մեխանիզմներից մեկն են: Ինչպես գիտեք, մենք նախապես չենք խոսում պատժամիջոցների մասին, քանի դեռ չենք ընդունել դրանք, բայց ուշադիր հետեւում ենք իրավիճակին Վրաստանում»: