Վրաստանիի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել` կապված «Վրացական երազանքի» գրասենյակի մոտ տեղի ունեցած ակցիայի հետ: Ոստիկանությունը ակցիայի կազմակերպիչներին կոչ է անում` կանխել բռնության հրահրումը, ապահովել, որ հավաքը բռնության չվերածվի:
«ՆԳՆ աշխատակիցները մոբիլիզացվել են Թբիլիսիում` «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի մոտ ընթացող գործողությունների կապակցությամբ և պահպանում են հասարակական կարգը: Ակցիայի մասնակիցներին հորդորում ենք դուրս չգալ հավաքների և խոսքի ազատության մասին` օրենքով թույլատրված սահմաններից: Միևնույն ժամանակ, նախազգուշացնում ենք ակցիայի կազմակերպիչներին ՝ թույլ չտալ բռնության դրդում: ՆԳՆ-ն ապահովում է հասարակական կարգի և անվտանգության պահպանումը: Նախարարությունը համապատասխան իրավական պատասխան կտա խախտումներին», — ասված է ՆԳՆ հայտարարության մեջ:
Հիշեցնենք` քիչ անց Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի շենքի առջև կրկին հանրահավաք է մեկնարկելու` այս անգամ հուլիսի 5-ին դաժան ծեծված, այսօր մահացած օպերատորի գործով. հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ակտիվիստներն ու մի շարք ընդդիմադիր ուժեր գտնում են, որ Վրաստանի կառավարությունը կատարվածի թիվ մեկ պատասխանատուն է և պետք է հրաժարական տա: Ոստիկանությունը հուլիսի 5-ին չի կատարել իր հիմնական առաքելությունը` չի ապահովել քաղաքացիների` տվյալ դեպքում տեղում աշխատող լրատվամիջոցների անվտանգությունը. հոմոֆոբ ագրեսիվ խմբավորումների գործողություններից այդ օրը տուժել է ավելի քան հինգ տասնյակ լրագրող: