Վրաստանի իշխանությունները Թբիլիսիում ավազակային հարձակման ենթարկված լեհ զբոսաշրջիկին առաջարկել են վերականգնողական կուրս անցնել` Լիկանի հանգստավայրում:
Հուլիսի 5-ին Լեհաստանի 49-ամյա մի քաղաքացի հոսպիտալացվել էր ՝ կրծքավանդակի և որովայնի շրջանում դանակի հարվածներով: Ներկայումս օտարերկրացու վիճակը կայուն է: Նրան հիվանդանոցում այցելել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան:
Նախարարը բացառում է, որ այս միջադեպը բացասաբար կանդրադառնա երկրի իմիջի վրա, քանի որ այս դեպքը եզակի է, և չի արտացոլում ընդհանուր պատկերը: Ըստ նրա` Վրաստանը շարունակում է մնալ զբոսաշրջիկների համար ամենաապահով ու խաղաղ վայրերից մեկը, իսկ նման դեպքեր ցանկացած մեծ քաղաքում, նույնիսկ եվրոպական քաղաքներում, լինում են, կարևորը` պետությունն ինչպես ու որքան արագ կարձագանքի:
Հուլիսի 5-ին օտարերկրացի զբոսաշրջիկի վրա հարձակվել էր հոմոֆոբ խմբի մի քանի անդամ, որոնք փողոց էին դուրս եկել` տապալելու ԼԳԲՏ համայնքի կողմից նախատեսված երթը: Ականատեսների ենթադրությամբ` բռնություն կիրառողներին դուր չեն եկել օտարերկրացու երկար մազերն ու ականջօղը:
Նախնական տվյալներով՝ գործով մեղադրյալն ունի հոգեկան առողջության խնդիրներ: Նշանակվել է փորձաքննություն: Հարձակվողը ձերբակալվել է հանցագործության վայրում ՝ սպանության փորձ կատարելու մեղադրանքով, նրան սպառնում է 13-ից 17 տարվա ազատազրկում: