Ֆլորիդայի միջազգային համալսարանի հետազոտող, պետդեպարտամենտի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դեյվիդ Կրամերը «Ամերիկայի ձայնը» լրատվամիջոցի հետ հարցազրույցում անդրադարձել է Վրաստանում նախօրեին զարգացած իրադարձություններին. «Վրաստանի կառավարությունը պատասխանատու է այսօր տեղի ունեցածի համար, ոչ միայն այն պատճառով, որ նրանք չդատապարտեցին կատարվածը, այլ նաև այն պատճառով, որ նրանք նպաստեցին [կատարվածին]: Վրաստանի համար շատ վատ օր էր, և ես կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարական տա, բայց չեմ կարծում, որ նա դա կանի»:
«Մենք [ԱՄՆ-ում] պետք է պահանջենք Ղարիբաշվիլիի հրաժարականը և պատժամիջոցներ կիրառենք Վրաստանում կատարվածի համար պատասխանատուների նկատմամբ», — Կրամերի խոսքերն է մեջբերում «Ամերիկայի ձայնը»:
Twitter- ի իր միկրոբլոգում կատարվածին արձագանքել է նաև Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Յան Քելլին` գրելով.
«Ժողովրդավարական կառավարությունների պարտականությունն է ապահովել բոլոր քաղաքացիների խաղաղ հավաքների իրավունքն ու լրագրողների անվտանգությունն իրենց պարտականությունների իրականացման ընթացքում: Ցավալի օր է Վրաստանի և Վրաստանի աջակիցների համար»։
«Թբիլիսիի կադրերը սարսափելի են: Սա ցույց է տալիս, որ Վրաստանի կառավարությունը չի կատարել իր պարտավորությունը՝ պաշտպանել իր քաղաքացիների` հավաքների իրավունքը և խոսքի ազատությունը: Սա կանդրադառնա երկրի արևմտյան ինտեգրման և առաջընթացի վրա», — «Ամերիկայի Ձայն» -ին ասել է Բրուկինգսի ինստիտուտի հետազոտող Ջեյմս Կիրչիկը:
Հարձակումներ լրագրողների վրա, անկարգություններ. ռադիկալ խմբերը՝ ԼԳԲՏ անձանց դեմ «պայքարում»