Հարձակումներ լրագրողների վրա, անկարգություններ. ռադիկալ խմբերը՝ ԼԳԲՏ անձանց դեմ «պայքարում»

Թբիլիսիում հուլիսի 5-ին նախատեսված ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Արժանապատվության երթը» չեղարկվեց անցկացման պահից մի քանի ժամ առաջ: Պատճառը՝ ծայրահեղական խմբերի կողմից դրսևորած քայլերն են՝ հարձակումներ լրագրողների վրա, սպառնալիքներ, գույքի նպատակաուղղված վնասում, նույնիսկ խորհրդարանի մոտ Եվրամիության դրոշի պատռելու դեպքեր:

Հոգևոր անձինք ուղղորդել են հանցանք գործել՝ «հանուն Աստծո» 

Առավոտյան ժամերից մեծ խմբերով Թբիլիսի են տեղափոխվել «ատելության խմբերը»՝ հակաակցիա անցկացնելու նպատակով: Ռուսթավելիի պողոտայում հավաքվելուց առաջ՝ որոշ հայտնի հոգևորականների կողմից օրհնություն են ստացել ու «անցել գործի»: Հոգևորականները ծայրահեղականներին ուղղորդել են՝ «Պարտավոր եք  բռնության դիմել՝ հանուն Աստծո» կարգախոսներով։ Ռուսթավելիի պողոտայում այս արտահայտությունը  արվել է պատրիարքարանի խոսքով՝ «միայն խաղաղ և հանուն աղոթքի» հավաքի ընթացքում դեկանոզ Սպիրիդոն Ցքիփուրաշվիլիի կողմից: Հատկանշական է, որ նման քայլերը պատժվում են քրեական օրենսգրքի 239​1 հոդվածով, ինչը նախատեսում է 2-5 տարվա ազատազրկում:

Հոգևորականները նաև կոշտ արձագանքել են ու վնասել այն լրագրողներին, որոնք լուսաբանել են նրանց գործունեությունը։ Այս կադրում երևում է, թե ինչպես են հոգևորականները «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրողին ծեծի ենթարկել, մերկացրել ու «քարշ տվել» փողոցով:

Բռնություն լրագրողների նկատմամբ

Մեկ օրվա ընթացքում բռնության է ենթարկվել աշխատանքային պարտականությունները կատարող մինչև երեսուն լրագրող:  «Ազատություն» ռադիոկայանի լրագրողին բուժօգնություն է ցուցաբերվել, ծեծի են ենթարկվել նաև Ռուսթավի երկու, TV պիրվելի ալիքի լրագրողները, ավիրվել է նրանց տեխնիկան: Սրա հետ կապված միասնական հայտարարություն են տարածել հեռուստաընկերությունները:

«Վրաստանի պետությունը չի կարողանում ապահովվել լրագրողների անվտանգությունը: Գոմելաուրին ու Ղարիբաշվիլին լրագրողների վրա որսի սեզոն են բացել: Ոստիկանները քանակով այնքան քիչ են, որ չեն կարողանում վերահսկել տեղի ունեցածը: Ոստիկանությունը ոչինչ չի անում կանխարգելման համար»,- ասում են TV Պիրվելիի, Ռուսթավի երկուսի, Ֆորմուլայի տնօրենները:

ՆԳՆ-ն դեռևս չի հայտնում՝ արդյո՞ք որևէ մեկը ձերբակալվել է մեդիայի վրա հարձակում իրականացնելու համար:

Լուսանկարում Լևան Բրեգաձեն է՝ TV Պիրվելիի լրագրողը, ում տեսախցիկների առջև դաժանաբար ծեծի են ենթարկել:

Դանակահարվել է զբոսաշրջիկ

Ականջօղ կրելու համար ծայրահեղականները դանակահարել են զբոսաշրջիկի: Հանցանքը պատժվում է մինչև տասնհինգ տարվա ազատազրկմամբ: ՆԳՆ-ն տեղում ձերբակալել է դանակահարողին՝ նպատակաուղղված սպանության փորձ կամ սպանելու հոդվածով: Վկաները գտնում են, որ դանակահարման պատճառը հոմոֆոբիական մոտեցումներն են, իսկ հրահրել է այն՝ տուրիստի ականջօղը:

 

Պայքար Եվրոպայի դե՞մ

Ռուսթավելիի պողոտայում հավաքված ծայրահեղականները դեմոնստրատիվ կերպով պատռել են Եվրամիության դրոշը, բազմաթիվ կոչեր են հնչեցրել Եվրոպական արժեքների դեմ: Թիրախում է հայտնվել նաև ԼԳԲՏ համայնքի դրոշը՝ ծայրահեղականները բարձրացել են երկրորդ հարկում տեղակայված «Թբիլիսի Փրայդ» կազմակերպության գրասենյակի պատշգամբ, պատռել դրոշն ու ավիրել տարածքում գտնվող գույքը:

Հատկանշական է, որ այս գործընթացում ակտիվորեն ներգրավված էր նաև Վառլամ Լիպարտելիանին, որ Ռիոնիի կիրճի պաշտպանների առաջնորդն է, ու առաջին անգամ չէ, որ հանդես է գալիս ծայրահեղական գաղափարախոսությամբ: Թբիլիսիում անցկացրած երթի ժամանակ, որ իրականացվում էր ՀԷԿ-ի կառուցման դեմ, Լիպարտելիանիի կոչով ցուցարարները վանկարկում էին՝ «Ոչ թուրքերին» հայտարարություններ:

Ի՞նչ է արել ՆԳՆ-ն

ՆԳՆ-ն նախորդ օրվանից ի վեր հայտարարություններ է տարածում ՝ հորդորելով ԼԳԲՏ անձանց աջակիցներին չեղարկել ցույցը` հանուն անվտանգության: Օրեր շարունակ ՆԳՆ-ին կոչերով դիմում են ՀԿ-ները, Եվրախորհրդարանականները, արտերկրյա գործընկերները՝ «Արժանապատվության երթի» մասնակիցների անվտանգությունը պաշտպանելու համար: Իսկ արդեն այսօր կառույցը կոչ է արել զերծ մնալ երթը Ռուսթավելի պողոտայի հարակից հանրային վայրերում անցկացնելուց՝ մեծամասշտաբ հակաակցիաների պատճառով։ Հայտարարել են նաև, որ լրագրողական գործունեությանը խոչընդոտելու համար գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 154-րդ և 126-րդ հոդվածներով: Կոնկրետ դեպքեր, սակայն, դեռևս հայտնի չեն:

Սրա հետ մեկտեղ գործ է հարուցվել գույքը նպատակաուղղված վնասելու հոդվածով՝ «Թբիլիսի Փրայդ» կազմակերպության գրասենյակն  ու «Սիրցխվիլիա» (Ամոթ է) շարժման գրասենյակները վնասելու համար:

Հանրային սեկտորն ու դեսպանությունները կոչ են անում 

Վրաստանում գործող ՀԿ-ներն ու դեսպանությունները կոչերով ու դիմումներով են հանդես եկել: Վրաստանի Մարդու իրավունքների տուն ՀԿ-ն հայտարարություն է տարածում, որ հարձակում է եղել իրենց գրասենյակի վրա: Գրասենյակի բակում հայտնաբերվել է պայթուցիկ նյութ, գրասենյակի աշխատակիցները  տարհանվել են: ՀԿ-ն կոչ է անում արագ արձագանք տալ տեղի ունեցածին: Վրաստանի Ժողովրդավարության հետազոտության ինստիտուտը դատապարտում է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարությունը, դրանում հնչեցված շեշտադրությունները, կոչ անում  պաշտպանել ԼԳԲՏ անձանց իրավունքները, քաղաքացիների սահմանադրական իրավունքները:

Ավստրիայի, Բուլղարիայի, Էստոնիայի, Եվրամիության դիտորդական առաքելության, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Իռլանդիայի, Իսրայելի, Իտալիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Իսպանիայի, Շվեդիայի, Միավորված թագավորության, Վրաստանում  ՄԱԿ-ի համակարգի, ԱՄՆ դեսպանություններին ու Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը միավորված հայտարարություն են տարածել: Դիվանագիտական կորպուսը դատապարտում է բռնի գործողություններն ընդդեմ ակտիվիստների ու այն, որ իշխանությունները չեն դատապարտել վերոնշյալ գործողությունները:

Իշխանությունները լռում են

Իշխանության առաջնորդները տեղի ունեցածի հետ կապված բռնության դեմ հայտարարություններ արեցին դեսպանատների հայտարարությունից հետո միայն: Թբիլիսիի քաղաքապետ Կալաձեն կոչ է արել խաղաղվել ու վերջ տալ բռնությանը: Նախագահ Զուրաբիշվիլին  դատապարտել է զարգացած իրադարձությունները. «բռնությունն անընդունելի է»,- ասել է նա: Լրիվ այլ հայտարարություն է արել «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդներից Իրակլի Կոբախիձեն: Նրա խոսքով, Փրայդի նպատակը ոչ թե իրավունքների պաշտպանությունն է, այլ քաղաքական որոշ ուժերի աջակցությունը: Իր հերթին, վարչապետը հայտարարել էր, որ դեմ է քայլերթի անցկացմանը:

Ընդդիմադիրները գտնում են, որ սրանով իշխող կուսակցությունը վերջնականապես տապալում է երկրում ժողովրդավարությունը: Լելո, Եվրոպական Վրաստան, ՄԱՇ կուսակցությունները դատապարտել են իշխանությունների վարքը, որոշ պատգամավորներ սպառնացել են կրկին դուրս գալ խորհրդարանական կազմից՝ նման պայմաններում աշխատելու փոխարեն:

«Թբիլիսի Փրայդ» կազմակերպության հիմնադիրներից մեկն Ալիք մեդիայի հետ զրույցում ասում է. «Իշխանությունները գտնում են, որ կոնսերվատիվ մասսան ավելի շատ է իրենց ընտրողների շարքում, նրանց չկորցնելու նպատակով էլ նման  կերպ են իրենց դրսևորում: Նպատակահարմար չէ երթն անցկացնելը` ի՞նչ է նշանակում սա: Յուրաքանչյուր ոք սահմանադրական իրավունք ունի դուրս գալ փողոց իր խորհրդանիշը կրելով ու խաղաղ երթ անցկացնել»:

Ալիք Մեդիան շարունակում է հետևել թեմայի հետ կապված իրադարձություններին:

 

Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։