«Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեն ավելի բարձր վարկանիշ ունի, քան կուսակցության հիմնադիր, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին։ Ֆեյսբուքի իր էջում նման կարծիք է հայտնել ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Սերգի Կապանաձեն։
Ըստ նրա, այն պնդումները, թե «Միացյալ ազգային շարժման» 500 հազար կողմնակիցները Սահակաշվիլիի աջակիցներն են, ուղղակի հիմարություն են: Իր հայտարարության մեջ Կապանաձեն առանձնացնում է հասարակության մեջ տարածված այսպես ասած 5 «առասպել»։ Առաջինում նա հերքում է այն միտքը, թե «Միացյալ Ազգային շարժում»-ը տարանջատում է իր աջակիցներին: «Նման բան չկա, մենք առանձնացնում ենք միայն նրանց, ովքեր արշավ են սկսել կուսակցության դեմ․նրանք «Միացյալ ազգային շարժման» նորացված քաղաքականությունը դավաճանություն են համարում»։
Երկրորդ միֆը, ըստ Կապանաձեի, վերաբերում է ընտրությունների կեղծմանը, որը «Միացյալ ազգային շարժման» առաջնորդները չկարողացան կանխել: «Այո, ընտրություննրը կեղծվեցին տարբեր ճանապարհներով։ Արդյունքում գողացվեց մեր ձայների 3-4 տոկոսը, սակայն պետք է ասել, որ իրական հաղթանակը «Վրացական երազանքինն» էր: Այդ իսկ պատճառով մշակում ենք մեր գործունեության հետագա ծրագիրը»,-ասել է Կապանաձեն:
Նա նշում է, որ հասարակության մեջ կարծրատիպ կա, թե «Միացյալ ազգային շարժում»-ը Սահակաշվիլիին է հետևում․«Դա ուղղակի անհեթեթություն է: Մենք փորձում ենք ճիշտ քայլեր ձեռնարկել նոր իրականության մեջ: Իհարկե, մենք չենք ժխտում Սահակաշվիլիի դերը կուսակցության ստեղծման ու երկրի նորագույն պատմության մեջ, սակայն պետք է ասել, որ կուսակցությանն այժմ հարկավոր է նոր առաջնորդ և նորացված քաղխորհուրդ»։
Մարդիկ կարծում են, թե ընդդիմադիր կուսակցության 500 հազարի հասնող աջակիցներն իրականում Սահակաշվիլիի աջակիցներն են։ «Առանց Միշայի զրո եք»,-այս միտքը Կապանաձեն հիմարություն է համարում։ Նրա կարծիքով, կուսակցության առաջնորդերից առնվազն Դավիթ Բաքրաձեն ժողովրդի կողմից ավելի սիրված է և ունի ավելի շատ աջակիցներ, քան նախկին նախագահը:
Վերջին առասպելը վերաբերում է Վրաստանի ամենազդեցիկ ընդդիմադիր ուժի փլուզմանը։ Կապանաձեն սա ևս անհեթեթություն է համարում՝ ասելով, որ այն ինչ տեղի է ունենում կուսակցության ներսում, բականոն ընթացք է․«փորձում ենք հասկանալ՝ ինչպիսին է լինելու մեր ապագան»: