Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն անդրադարձել է կորոնավիրուսի բարձր ցուցանիշներին: Նրա խոսքով, վերջին մեկ ամսվա ընթացքում Վրաստանում զբոսաշրջիկների մոտ կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 400 դեպք է գրանցվել:
Ըստ Գամկղրելիձեի՝ զբոսաշրջիկների մի մասի մոտ կորոնավիրուս հաստատվել է երկիր մուտք գործելուց հետո:
«Ես չեմ կարող ասել, թե արդյոք դեպքերի աճը կապված է «Դելտա» շտամի հետ: Երեկ մեզ մոտ հաստատվեց «Դելտայի» ևս 7 դեպք: Բացի այդ, ես այսօր միջգերատեսչական խորհրդին հայտնեցի, որ երկրում ունենք ավելի քան 400 զբոսաշրջիկների վարակման դեպքեր, ովքեր հետագայում մեկուսացվել են: Տեղաշարժի բարձր ցուցանիշը վարակի տարածման ռիսկի գործոններից մեկն է», — ասել է Գամկղրելիձեն:
Նշենք, որ Վրաստանում այսօր գրանցվել է կորոնավիրուսով վարակման հազարից ավելի դեպք: Օրական դրականության ցուցանիշը գերազանցել է չորս տոկոսը: