Տեսանյութ. հուլիսի 1-ից Վրաստանում կմեկնարկեն միասնական ազգային քննությունները

Վրաստանի կրթության և գիտության նախարարության Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի հաղորդմամբ, 2021 թվականի միասնական ազգային քննությունները երկրում կմեկնարկեն հուլիսի 1-ից: 

Որքա՞ն դիմորդ է գրանցվել քննություններին

Ազգային քննություններին մասնակցելու է ավելի քան 38 400 դիմորդ: Ուսուցիչների քննության համար ավելի քան 28 700 գործող ուսուցիչ, կամ ուսուցչի հավակնորդ կա: Մագիստրոսական քննությունների համար գրանցվել է ավելի քան 12 800 դիմորդ, գրանտային քննությունների համար՝ ավելի քան 3700 ուսանող:

Ինչպե՞ս տպել քննաթերթիկը

Հունիսի 21-ից արդեն հնարավոր է տպել քննությունների քննաթերթիկները, որոնց վրա առանձնացված է քննական կենտրոնի հասցեն, յուրաքանչյուր քննության ժամը, քննության համար գրանցման մեկնարկի ժամը և կարևոր խորհրդատվություններ:

Քննաթերթիկը տպելու համար պետք է այցելել online.naec.ge կայքէջ, հավաքել անձնական համարը և կենտրոնի կողմից ուղարկված կոդն ու մուտք գործել անձնական էջ, որտեղ կա համապատասխան կոճակ` քննաթերթիկը տպելու համար:

Ի՞նչ կանոնակարգեր են գործելու քննական կենտրոններում

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը մշակել է բոլոր այն կանոնակարգերը, որոնք պետք է պահպանեն դիմորդները:

Մասնավորապես, եթե դիմորդի մոտ քննության օրը հաստատվի կորոնավիրուսային հիվանդություն, մինչև քննությունների ավարտը դիմորդների համար համապատասխան առարկաների քննություններ կկազմակերպվեն ոչ շուտ քան 14 օրը:

Առողջապահության նախարարության հանձնարարականների համաձայն, քննությունները կանցկացվեն նախորդ տարվա կարգավորումներով: Սեղանները կկահավորվեն հատուկ թափանցիկ պատնեշով, սեղանների հեռավորությունը դիմացից կլինի նվազագույնը 1, կողքից` նվազագույնը 2 մետր: Օդորակիչը կմիացվի ջերմաստիճանի 30 աստիճանից բարձր լինելու դեպքում: Ամբողջ քննական գործընթացի ժամանակ բժշկական դիմակ կրելը կլինի պարտադիր:

Քննության մասնակիցները պարտավոր են՝

  • Պահպանել սոցիալական հեռավորություն
  • Կրել դիմակ ինչպես քննության համար գրանցվելուց, այնպես էլ քննության ողջ ընթացքում
  • Մշակել ձեռքերը տեղում առկա ախտահանիչ լուծույթով:

Դիմորդներն իրենց հետ պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ, քննաթերթիկ, ինչպես նաև ցանկության դեպքում ջուր՝ թափանցիկ շշով, լրացուցիչ դիմակ և սև գրիչ:


Այս հրապարակումը ստեղծվել է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է Ալիք Մեդիան, այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։