Խորհրդարանի լիագումար նիստում մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան ներկայացրել է Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ տարեկան զեկույցը, ըստ որի` հաշվետվության ժամանակահատվածում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը շատ են եղել:
Նշվում է, որ 2020 թվականին բացահայտվել է երեխաների նկատմամբ բռնության 1818 դեպք:
«Այնուամենայնիվ, մինչ այժմ չի հիմնվել բռնության զոհ դարձած երեխաների համար նախատեսված պետական ծառայությունը: Երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության կանխարգելումը, զոհերին պաշտպանելը և օժանդակելը շարունակում է խնդրահարույց մնալ, ինչի համար էլ մեծ նշանակություն ունի սոցիալական աշխատողների և հոգեբանների անձնակազմի ժամանակին ավելացումը: Ամբողջ երկրում միայն 268 սոցիալական աշխատող և 12 հոգեբան ստիպված են աշխատել տարբեր խնդիրներ ունեցող հազարավոր անչափահասների հետ», — ասել է օմբուդսմանը:
Զեկույցի համաձայն՝ երեխաների ինքնասպանության կանխարգելումը նույնպես դեռևս մարտահրավեր է մնում: 2020 թվականին գրանցվել է անչափահասի ինքնասպանության 14 դեպք և 54 ինքնասպանության փորձ: