«Ալիք Մեդիան» «Վրաստան» թերթի հետ համագործակցության շրջանակներում շաբաթական կտրվածքով ներկայացնում է թերթում տեղ գտած գլխավոր նորություններից հատվածներ:
Հունիսի 19-ի համարում՝
Վրաստանի միջնորդությամբ ազատ արձակվեցին Հայաստանի 15 գերեվարված քաղաքացիներ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու ակտիվ միջնորդությամբ եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ, ադրբեջանական կողմը ազատ արձակեց հակամարտության ընթացքում ձերբակալված Հայաստանի 15 քաղաքացիների, որոնք Վրաստանի տարածքով վերադարձան իրենց ընտանիքներ:
Իրակլի Ղարիբաշվիլի. «Ուրախ եմ, որ 15 հայ քաղաքացիներ Վրաստանի տարածքով վերադարձան իրենց ընտանիքներ»
«Ուրախ եմ, որ իմ ակտիվ աջակցությամբ եւ մեր ռազմավարական գործընկեր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերի ներգրավմամբ, ադրբեջանական կողմը ազատ է արձակել հակա- մարտության ընթացքում ձերբակալված 15 հայ քաղաքացիների, որոնք Վրաստանի տարածքով վերադարձան իրենց ընտանիքներ»,- այս մասին ասված է նախարար Իրակլի Ղարիբաշվիլու հայտարարության մեջ, որը հրապարակվել է կառավարության ղեկավարի ֆեյսբուքյան պաշտոնական էջում: Վարչապետի խոսքով, հնարավոր է դարձել, որ հայկական կողմը ականապատ տարածքների վերաբերյալ կարեւոր նյութեր հանձնի ադրբեջանական կողմին: Հետագայում, անհրաժեշտության դեպքում, մենք պատրաստ ենք օգնել մեր գործընկերներին եւ ակտիվ մասնակցել գործընթացներին ու նախեւառաջ մարդասիրական խնդիրների լուծմանն ուղղված,- ասել է Վրաստանի վարչապետը:
Մաքսայինները քննարկեցին համագործակցության հեռանկարները
Հունիսի 12-ին հայ-վրացական Բագրատաշենի անցակետում կայացավ Հայաստանի եւ Վրաստանի մաքսային ոլորտի պատասխանատուների հանդիպումը: Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի եւ Աշոտ Մուրադյանի գլխավորած պատվիրակությունը, հայկական կողմի հրավերով, ընդունեց Հայաստանի սահմանային անցակետ ժամանած Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավարի տեղակալ Վլադիմեր Խունդաձեի գլխավորած պատվիրակությանը: Օրակարգում աշխատանքային հարցեր էին, որոնք վերաբերում էին կորոնավիրուսով պայմանավորված ոչ սովորական տարվա ընթացքում եւ դրանից հետո մաքսային ոլորտում փորձի փոխա- նակմանն ու համագործակցությանը: Հանդիպման ժամանակ քննարկվեց նաեւ Վրաստանի ու Հայաստանի միջեւ տրանսպորտային միջոցների եւ ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակումն առավել արդյունավետ իրականացնելու հարցը:
Ներկայացվեցին ենթակառույցային կատարված նախագծերի հաշվետվությունն ու առաջիկա ծրագրերը
Հունիսի 17-ին Ախալքալաքիի մունիցիպալիտետի Կումբուրդո գյուղում կայացավ Վրաստանի խորհրդարանի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման կոմիտեի արտագնա նիստը, որին մասնակցեցին օրենսդիր մարմնի տարածաշրջանային քաղաքականության եւ ինքնակառավարման կոմիտեի նախագահ Սոզար Սուբարին, ագրարային հարցերի կոմիտեի նախագահ Նինո Ծիլոսանիան, Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառույցների առաջին փոխնախարար Իլիա Բեգիաշվիլին, մունիցիպալային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գիորգի Շենգելիան, Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի պետական լիազոր Բեսիկ Ամիրանաշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Սամվել Մանուկյանը, Սմբատ Կյուրեղյանը, Ախալքալաքիի եւ Նինոծմինդայի մունիցիպալիտետների քաղաքապետեր Յուրի Ունանյանն ու Անի Մոսոյանը, սակրեբուլոյի նախագահներ Նաիրի Իրիցյանն ու Վահե Արոյանը, քաղաքապետեր եւ սակրեբուլոյի նախագահներ, էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչներ
Լուրեր՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետից
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում ակտիվ ընթանում են նոր մարզադահլիճի կառուցման շինարարական աշխատանքներ, որոնք իրականացնում է մրցույթում հաղթած «Ինտեր» ընկերությունը: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 127 226 լարի: Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղական բյուջեի ֆինանսավորմամբ սկսվել են Մեծ Խանչալի գյուղի մինի մարզադաշտի վերանորոգման աշխատանքները, ինչը նախատեսում է մինի մարզադաշտի ծածկույթի արհեստական կանաչապատում, որի վրա կծախսվի 24 700 լարի: Հունիսի 13-ին, Նինոծմինդայի քաղաքապետարանում, «Գերասի կլինիկայի» 3 սրտաբան բժիշկներ անցկացրեցին մարդասիրական-բարեգործական ակցիա, որն անցկացրել էին նաեւ 2021 թվականին: Մեկ օրվա ընթացքում նրանք էխոկարդիոգրաֆիկ հետազոտություն անցկացրին տարբեր տարիքի ավելի քան 80 երեխաների համար:
Հայաստանյան բուհերում սկսվեց օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունման գործընթացը
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը սկսեց օտարերկրացի եւ սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2021- 2022 ուստարում Հայաստանի նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար: Ինչպես տեղեկացրին Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունից, օտարերկրյա քաղաքացիները՝ սփյուռքահայ եւ օտարազգի դիմորդները, փաստաթղթերը պետք է ԿԳՄՍ նախարարություն ներկայացնեն հետեւյալ ժամկետներում. Անվճար առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով սփյուռքահայ դիմորդների ընդունելության համար՝ 2021թ. հուլիսի 5-ից օգոստոսի 25-ը ներառյալ:
Այս և այլ նորություններին կարող եք ծանոթանալ «Վրաստան» թերթի հունիսի 12-ի համարում