Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն այսօրվա միջգերատեսչական խորհրդի նիստից հետո խոսել է բնակչության պատվաստման մասին:
Նրա խոսքով՝ ամառվա ընթացքում պետք է պատվաստվեն բոլոր դպրոցների ուսուցիչները, համալսարանի աշխատակիցները և ուսանողները, որպեսզի աշնանը ուսումնական գործընթացն ապահով միջավայրում սկսվի:
«Մենք պետք է ամռանը պատվաստումների առավելագույն քանակը իրականացնենք, որպեսզի անվտանգ դիմավորենք ԲՈՒՀ-երում ուսումնական տարվա մեկնարկը: Այսինքն՝ համալսարանի բոլոր դասախոսները և բոլոր ուսանողները, պետք է լինեն երկու անգամ պատվաստված: Ինչպես նաև բոլոր դպրոցների ուսուցիչները պետք է լինեն երկու անգամ պատվաստված, որպեսզի դպրոցը երեխաների համար անվտանգ լինի», — ասել է Ամիրան Գամկղրելիձեն։