21-րդ դարում, երբ կյանքը եռում է, մարդիկ ապրում են ազատատենչ ոգով, երբ շատերն հասկացել են կյանքի կարճ լինելու և այն վայելելու մասին շատ բաներ, երբ ցանկանում են ապրել առանց սահմանափակումների, նրանց այցի եկավ սահմանափակ ապրելու համար պատճառ հանդիսացող վարակը, որին պետություններն ,,Կորոնավիրուս” անվանումը տվեցին։
Մեզնից շատերի, և ոչ միայն մեզնից, այլ ամբողջ աշխարհի բնակչության մտքով չէր էլ անցնում, որ կարող են այսպիսի արտասովոր կյանքով ապրել։
Նոր հիվանդություն, նոր կյանք, նոր ու անսովոր ապրելակերպ, այս երևույթները և նրանց նման այլ նորություններ դարձան մեր կյանքի մշտական ուղեկիցը։ Սկզբում դժվար էր, անգամ վախ էր ներշնչում, բայց հետզհետե այն դարձավ մեր կյանքի մի մասը։ Դիմակ կրել, ախտահանվել, պահպանել սոցիալական հեռավորություն, երևի մեր կյանքում մեկ կամ երկու անգամ ենք կատարել այդ գործողությունները, իսկ հիմա գերազանց սովորող աշակերտի պես պարտաճանաչորեն կատարում ենք վերոնշյալ կետերը։
Չորրորդ կուրսի ուսանողուհի էի, երբ առաջին անգամ լսեցի կորոնավիրուս հիվանդության մասին ու երևի այդ ժամանակ ուշադրությունս անգամ չգրավեց։ Այդպես անուշադրության մատնվեց, մինչև ամբողջ աշխարհի համար առաջին խնդիրը դարձավ։
Չորս ու կես տարի սովորելուց ու բազում դժվարությունների միջով անցնելուց հետո, երբ ավարտելու մնացել էր ընդամենը չորս ու կես ամիս, հանկարծ կորոնավիրուսը ամեն ինչ փոխեց, կարծես հեղաշրջում տեղի ունեցավ։ Մեր տնից դուրս գալը դարձավ անհնարին։ Սկսեցին փակել դպրոցները, համալսարանները, հանրային վայրերը և այլն։ Այդ ամենից անմասն չմնաց նաև մեր համալսարանը։ Սկսվեց օնլայն դասերի ,,դարաշրջանը”։ Օրվա մեծ մասը անցկացնում էի համակարգչի առջև, աչքերս հաճախ թենիսի գնդակի նման գնում գալիս էին ու թվում էր, թե դուրս են թռչում։
Այդ օրերից սկսած սկսեցի կարոտել իմ չորս ու կես դժվարություններուվ լեցուն տարիները, սկսեցի կարոտել ամեն-ամեն ինչ, ինչ կապված էր ուսանողական կյանքիս հետ։ Անկեղծ կասեմ մի բան, որ այդ օրերին էլ հասկացա, թե ինչքան թանկ է կյանքը, ինչքան մարդիկ կան, որ կարևոր են իմ կյանքում։ Ճիշտ է, շփվում էի հեռախոսով, բայց միևնույն ժամանակ հասկանում էի մի պարզ բան, եթե նրանք էլ չլինեին, ինչպե՞ս էի ապրելու չորս պատի մեջ։ Իրար այդքան մոտ ապրելով մեր հանդիպումները դարձան անհնարին կարանտինների ու պարետային ժամերի շնորհիվ։ Կարծես ապրում էինք աշխարհի տարբեր ծայրերում, կարծես մեզ օվկիանոսներն էին բաժանում։
Կյանքի հանդեպ իմ սերը օրեցօր ավելացավ և զգացի, որ մինչ այս վարակը ապրել եմ հիանալի ու լավ կյանքով, իսկ այժմ այն նման է բանտարկյալ մարդու կյանքի, ով սպասում է, որ ինչ-որ մեկը դուռը կբացի, կգա, կնստի կողքը, կխոսեն երկար, կպատմեն կյանքի դառնությունների մասին։ Բայց ոչ մեկ չի գալիս, ոչ մեկ չի կարող գալ, որովհետև չեն թողնում, որովհետև չի կարելի․․․ Իսկ որովհետևները շատ երկար են ու երևի ներելի․․․
Չորս ու կես ամիս օնլայն դասերի միջով անցնելուց հետո, միշտ էլ հոգուս խորքում ուզում էի գնալ համալսարան, բայց այդպես էլ չգնացի, այդպես էլ զրկվեցի այդ իրավունքից։ Համալսարանին կարոտ մնացի․․․
Օնլայն դասերի ժամանակ նկարվում էինք նույն րոպեին նկարներս հայտնվում էին մեր էջերում, դա էլ «մոդա» էր դարձել։ Մինչև հիմա պահում եմ այդ նկարները, որովհետև գիտեմ, որ գալու է ժամանակ ու այդ նկարները դառնալու են մեր այս սահմանափակ կյանքի վառ ապացույցը։
Չորս ու կես ամիսը անցավ անիմաստ ու անհետաքրքիր, բայց դա դեռ ամենը չէ, դրա նման քանի չորս ու կես ամիս է անցել ու դեռ քանիսն է անցնելու, մինչև վերադառնանք մեր բնականոն կյանքին։ Երանի այդ օրերը շուտ գային, ոնց եմ կարոտել հին ու լուսավոր օրերը։
Մեզ այս ամենը ոչնչով չօգնեց, ավելին այն մեզ տարավ կործանման։ Կյանքը դարձավ անգույն և խամրած, բայց հույս բոլորս էլ ունենք, որ այս ամենը մի գեղեցիկ օր կավարտվի։ Այս ամենի մեջ երևի մեղավորներ չկան, կամ էլ կան` չինացիները, եթե նրանք չուտեին չղջիկներին, մեր կյանքը այսպիսի ընթացք չէր ունենա։ Բայց անկեղծ, ես նրանց չեմ մեղադրում, ես ոչ մեկին էլ չեմ մեղադրում։
Կյանքում հանդիպում ենք բազում դժվարությունների, բազում խոչընդոտների, բայց կարողանում ենք դուրս գալ դրանց միջից ու երևի մի պայծառ օր ևս կլինի, որ կհաղթահարենք այս հիվանդությանը։ Կորոնավիրուսը երևի նշան էր մեզ բոլորիս, որ գիտակցենք ու ընդունենք, թե ինչքան կարևոր է մեր կյանքը նշան էր այն բանի, որ հասկանանք կյանքի դրվածքը, որ ինչ նշանակություն ունեն մեզ համար մեր հարազատները, մեր մտերիմներն ու մեր ընկերները։
Այն մութ ուժը, որ մեր խաղաղ կյանքը վերածեց քաոսի, այդ ուժի հետ ծնվեց մի նոր զգացում` ապրելու ու սիրելու տենչ։ Շատերիս ներսում էլ երևի առաջացավ վախ, վախ դեպի այդ անհասկանալի հիվանդությունը։
Անցնում են օրերը, անցնում են ու հետզհետե կարծես հարմարվել ենք մեր այսպիսի դժգույն կյանքին, բայց ոչ, դա ընդհանրապես այդպես չէ, կարծես վանդակում հարմարված թռչուն լինենք, որն առաջին իսկ հնարավորության դեպքում կթռչի դուրս, կճախրի ազատ աշխարհով մեկ։
Այս դժվարությունների ու սահմանափակ կյանքի պատճառով մեզանից շատերը հիասթափվել են կյանքից։
Բայց որպես վերջաբան ցանկանում եմ ասել մի կարևոր բան, որ ինչքան էլ դժվար լինի ապրելը, ինչքան էլ կյանքի իմաստը կորի, պետք է հիշել, որ կյանքը մեկ անգամ է դրվում, այլևս հնարավորություն չունենք աշխարհ գալու։ Թող այդ մի կյանքը ապրենք լավատեսությամբ ու համբերությամբ։ Դեռ կգան հին ու լավ օրերը, կանցնի կորոնավիրուսը ու մենք կապրենք առանց որևէ սահմանափակման։ Պետք չէ հույսը կորցնել, պետք է միայն չվախենալ և առաջ շարժվել։ Դա պետք է դառնա մեր կյանքի կարգախոսը` միշտ առաջ և մենք կհաղթենք կորոնավիրուսին։
Լիզա Ջեյրանյան, 25 տարեկան,
Ախալքալաքի շրջան, Մերենիա գյուղ
Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: