Նինոծմինդայի մանկատունը կփակվի. 23 երեխա դեռևս մանկատանն է

Նինոծմինդայի երեխաների տուն-ինտերնատում դեռևս մնում է 23 երեխա, որոնք գտնվում են սոցիալական աշխատողների հսկողության տակ: Երեխաների մեծ մասը տեղափոխվել է ընտանիքներ:

Պատկան մարմինները շարունակում են  ընտանիքներ գտնելու, ընտանիքներն ամրապնդելու ուղղությամբ աշխատանքները:  Ըստ Առողջապահության փոխնախարար Թամար Բարկալայայի` 2022 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ է մտնում մի օրենք, ըստ որի Նինոծմինդայի երեխաների տուն-ինտերնատը կարող է փակվել և փոխարինվել ընտանեկան տիպի փոքր հաստատությամբ:

Այս պահին աշխատանք է գնում այն երեխաների հետ, որոնք կենսաբանական ընտանիքներ ունեն: Ըստ փոխնախարարի` հաշվի են առնվում երեխայի շահն ու կարիքները: Կան երեխաներ, որոնք սիրում են իրենց խնամակալներին, կապված են նրանց հետ ու իրենց որպես ծնող են ընկալում: Նրանց դուրս բերել այդ շրջապատից, առաջին հերթին հակասում է նրանց շահերին:

Պաշտոնյան դժվարացել է պատասխանել` որքան ժամանակ է անհրաժեշտ` գործընթացը լիարժեք ավարտին հասցնելու համար: 2022-ի ապրիլի 1-ն այս առումով օրենքով սահմանված վերջնաժամկետ է, այդ ընթացքում երեխաների համար խնամքի այլընտրանքային տարբերակներ կգտնվեն, պանսիոնատն ինքնաբերաբար կփակվի, կստեղծվի փոքր` ընտանիքի տիպի ծառայություն:

Մանրամասները`

Նինոծմինդայի մանկատան շուրջ աղմուկը չի դադարում. ինչ կատարվեց