2020 թվական, հունվար ամիս` սկիզբը նորագույն նպատակների, մեծագույն երազանքների կյանքի կոչման, սկիզբը 365 էջերից բաղկացած նորագույն ու դեռևս չգրված, մաքուր գրքի։
Բացեցինք առաջին էջը, փորձում էինք այնտեղ տառերը գրել անչա՜փ զգույշ, կոկիկ, գեղեցիկ ձեռագրով` վախենալով, որ սխալներ թույլ կտանք։ Երջանիկ էինք, անչա՜փ երջանիկ, բայց և գնահատել չգիտեինք, այո, չգիտեինք` դժգոհում էինք։
Շարունակելով գրել մեր գրքի մեջ` անվերջ բողոքում էինք կյանքից, մարդկանցից, աշխարհից։ Դադարել էինք հոգ տանել մեկս մյուսի մասին, մեկ գդալ ջերմություն, մի քիչ սեր ու մի փոքր էլ քնքշանք տալ մեկս մյուսիս։ Աղտոտում էինք մեզ շրջապատող այս մե՜ծ, լուսավոր, գողտրիկ ու զարմանահրաշ աշխարհը, մտածում` մենք ենք սեփականատերը։ Ամեն բացվող առավոտի հետ զուգընթաց փոխվում էինք, ասես ռոբոտացվում, մեզ անհապաղ ուշքի գալ էր պետք և հենց այդ պահին աշխարհը փակվեց երկաթյա վարագույրով։ 2020 թվական մարտ. կտրվեցինք աշխարհից, աշխարհը հոգնել էր մեզանից` մեր անիմա՜ստ քայլերից, մեր անվերջանալի բողոքներից… մեզանից։
Փոքր մարդուկն, ով սրտատրոփ սպասում էր բացվող առավոտին, որպեսզի գնար մանկապարտեզ, երկաթյա վարագույրի կողմում էր։ Դպրոցականը, ով մեծագույն սիրով սպասում էր առավոտին, որպեսզի ուսումնական հաստատություն ուղևորվի, հանդիպի հարազա՜տ դարձած ընկերներին, դարձյալ վարագույրի կողմում էր,առցանց դասեր… Համավարակ էր… Կարանտին… Ամեն բացվող օր լի էր ցավով, ամենքը` վշտով, անհանգստությամբ ու մեծագույն վախով… անմեղ մարդիկ հրաժեշտ էին տալիս այս լուսավո ՜ր ու խոստումնալից աշխարհին, հազարավոր բժիշկներ կարոտում էին իրենց զավակներին։ Մարդկային տեսակը կարոտել էր… նա կարոտել էր մարդաշատ փողոցներին, կարոտել էր գրկախառնություններին… Նա ուշքի էր եկել, կոտրված էր, բայց ժամն էր միավորվելու։ Ամբողջ աշխարհն այսօր մեկ բռունցք դարձած փորձում է վերջակետ դնել այս մղձավանջային երազին` Covid 19-ին։ Եկեք հավատով լցվենք առ ապագա ու հուսանք, որ մեկ օր անպայման վերադարձ կկատարենք դեպի մեր բնականոն կյանք։
Առողջ լինենք բոլորս…
Լուսինե Նուրջանյան, 18 տարեկան
Ջավախք
Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: