Վրաստանի խորհրդարանի դեռևս գործող նախագահ Դավիթ Ուսուփաշվիլին հրաժեշտ է տալիս օրենդիր մարմնի աշխատակիցներին:
․«Հրաժեշտ եմ տալիս ձեզ, մինչ նոր հանդիպում, կյանքն առջևում է: Իմ այսօրվա ելույթը միայն մի խոսքով կարելի էր ներկայացնել՝ շնորհակալություն բոլորիդ»,- Խորհրդարանի այգում հավաքված աշխատակիցներին ասել է Դավիթ Ուսուփաշվիլին:
Վրաստանի 8-րդ գումարման խորհրդարանի խոսնակը նաև լուսանկարվել է նրանց հետ:
Հիշեցնենք՝ խորհրդարանական ընտրությունների ավարտին Ուսուփաշվիլին հեռացավ «Հանրապետական» կուսակցության շարքերից։
«Հանրապետական»-ը, որպես «Վրացական երազանք»-ի անդամ կուսակցություն, 2012թ․-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում հնարավորություն ստացավ լինել կառավարության կազմում, սակայն 2016-ի ընտրություններին որոշեց մասնակցել առանձին։
Կուսակցությունը Վրաստանում հոկտեմբերին տեղի ունեցած խորհդրարանական ընտրություններում չկարողացավ հաղթահարել 5 տոկոսանոց շեմը։
Հեռանալով կուսակցության շարքերից, Ուսուփաշվիլին ասել է, որ շարունակելու է գործունեությունն ընդդիմադիր դաշտում։